Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, ինձ եք ընտրել, ուրեմն ես իմ հասկացածով եմ անելու

Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, ինձ եք ընտրել, ուրեմն ես իմ հասկացածով եմ անելու

Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ հասկացվում է, որ եթե Արցախը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու և եթե ինքը «խաղաղարարների» երանության խոսքը պահեր, ապա ավելի շուտ կհանձնեին, ավելի նվազ մարդկային կորստով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Ն.Փ-ի կողմից երեկ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված «ինքնախոստովանականը» համեմված Քրիստոսի 9 երանիներից մեկի՝ խաղաղարարներին ուղղված երանությամբ, հստակ հաղորդագրություն էր:
Նախ, բաբելոնյան աշտարակի շինարար Նիկոլ Փաշինյանը (բնորոշումը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 01.03.2015թ.) չէր կարող ընդհանուր շահ ունենալ Հայկ Նահապետի սերնդի հետ:

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ հասկացվում է, որ եթե Արցախը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու և եթե ինքը «խաղաղարարների» երանության խոսքը պահեր, ապա ավելի շուտ կհանձնեին, ավելի նվազ մարդկային կորստով:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանի խոսքից նաև հասկացվում է, որ Արցախը հանձնելուց հետո էլ չի բացառվում պատերազմը:

Չորրորդ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է, ինձ եք ընտրել, ուրեմն ես իմ հասկացածով եմ անելու:

Իսկ հիմա գանք Ն.Փ-ի հակառակ կողմը:

Աստվածաշնչյան խաղաղարարներին ուղղված երանությունը չի կարող երբեք նշանակել թշնամուն, չարին հանձնվելուն ուղղված ուղերձ:

Այսպիսի մեկնաբանությունն այլասերում է ճշմարտությունը:

Աստվածաշունչն այդ տեսակետից լրիվ այլ բան է ասում՝

ա) 9 երանիներից է նաև հետևյալը՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:10): Ն.Փ-ի տեսակետն ընդունելու դեպքում հակասություն կառաջանա երկու երանիների միջև.

բ) Մի՛ փոփոխիր վաղեմի սահմանների նշանները (Առակաց 23:10): Յուրաքանչյուր ազգություն պարտավոր է իր երկրի սահմանները պահել:

Մեր հայրենիքի համար կյանք տված մեր նախնիների շնորհիվ է, որ մենք կանք, մեր ինքնությունը պահպանվել է: Պատկերացնում ե՞ք, օրինակ Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտերի փոխարեն «խաղաղարարության» կեղծ օրակարգով ղեկավարվեինք:
ադրբեջանա-թուրքական պատերազմից չենք կարող խուսափել: Դա ժամանակի հարց է: Իրենք չեն հանգստանալու մինչև մեզ այն աստիճան չնվաստացնեն ու չվնասազերծեն, որ երկար ժամանակ չկարողանանք ուշքի գալ: Փորձը ցույց տվեց, որ իրենք չունեն հաղթողի մեծահոգություն:

Արդյոք այսօր պատրաստ ենք լինելու մեր հարմարավետ վիճակից դուրս գալ և մեր հայրենիքի համար մեզ նեղություն տալ: Հայրենիքի, որը մեզ սնում և պահում է, իսկ հիմա մեր կարիքն ունի: Ինչ ենք մենք պատրաստ տալ հայրենիքի համար: Այստեղ է հաջողության բանալին:

Եթե մենք սա չգիտակցենք, ապա արժանի չենք լինելու այս գեղեցիկ հայրենիքին:
ԶԱՐԹՆԻՐ»,- նշել է Արա Զոհրաբյանը։