Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան

Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանի կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել:

«Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել: Բայց չստացվեց, ինչի համար զղջում եմ»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը, փոխանցում է  «Արմենպրես»-ը: Վերջինս շեշտեց, որ երկրպագուների նմանատիպ աջակցություն չի ունեցել, և դա նաև ինչ-որ տեղ պարտավորեցնող էր:

«Շատ շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին նման աջակցության համար: Ուզում էի անել ավելին իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց»,- շեշտեց նա:Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց միայն 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը միայն 4-րդն էր:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է: