Հուսանք` այս իշխանությունն ունի ԼՂ հակամարտության կարգավորման համակարգային պատկերացում. Պետրոսյան

Արցախում տիրող իրավիճակի, տեղակատվական շտաբի տարածած հաղորդագրությունների մասով MediaHub-ը զրուցեց ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի հետ։
- Պարոն Պետրոսյան, Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Գորիս-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհներով միաժամանակյա հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկը։ Ինչպե՞ս եք վերաբերում իշխանությունների այս որոշմանը։
- Ողջունում ենք Արցախի իշխանությունների՝ իրավիճակը գնահատելու և համարժեք մոտեցումներ ցուցաբերելու ձեռնարկումները։ Դեռևս ԱԺ-ում, այսպես կոչված, նախընտրական ելույթում նախագահը նախանշել էր պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և բանակցություններ վարելու քայլերը։
Հուսանք՝ այս իշխանությունն ունի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համակարգային պատկերացում ու մոտեցում և չի կրկնելու իր նախորդների՝ մասնավոր դեպքերի կապացությամբ իրավիճակային որոշումներ կայացնելու փորձը։ Հակառակ պարագայում՝ իրավիճակային ցանկացած լուծում կամ այլոց շահերի անուղղակի սպասարկում մսխելու է հայկական Լեռնային Ղարաբաղի վերջին հնարավորությունը՝ անկախ դերակատարներից։
- Դատելով սոցիալական մեդիայի արձագանքներից՝ Արցախի ժողովուրդն այնքան էլ ոգևորված չէ իշխանությունների այս որոշումից։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նման արձագանքը, չէ որ հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է։
- Հաշվի առնելով այն, որ ժողովուրդն անմասն է մնացել նախագահ ընտրելու իր բացառիկ լիազորությունից և գործող նախագահը 22 հոգու դրական քվեի արդյունքում ընտրված երկրի ղեկավար է, պետք է լրացուցիչ գործիքներ կիրառվեն ժողովրդին մասնակից դարձնելու իր ճակատագրի տնօրինմանը։ Այլապես ժողովուրդը, ում, ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով, պատկանում է իշխանությունը, մամուլից ընդամենը տեղեկանում է իր կողմից չընտրված իշխանությունների որոշումների մասին՝ առանց դրանց վրա ազդեցություն ունենալու հնարավորության։ Իշխանությունների այսպիսի մոտեցումը վտանգավոր է ոչ միայն ներքաղաքական միջավայրում, այլև առավելապես արտաքին քաղաքական, մասնավորապես՝ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր հարաբերություններում։
Լիաննա Թորոսյան