Գիտնականները ադամանդի մեջ մարսյան հանքանյութ են հայտնաբերել

Մերիլիտը անջուր կալցիումի ֆոսֆատի հանքային ձեւերից մեկն է, որի բյուրեղային ցանցը, կախված ձեւավորման պայմաններից, օրինակ՝ ճնշումից եւ ջերմաստիճանից, կարող է տարբերվել, գրել է Science and Life-ը։
Մինչեւ վերջերս մերիլիտը հայտնաբերվել է միայն լուսնային հողում եւ մարսյան երկնաքարերում: Մարսի ժայռերում նյութի առկայությունը համարվում է Մարսի վրա ջրի գոյության ապացույցներից մեկը, քանի որ այս հանքանյութը կարող է առաջանալ ֆոսֆատ հանքանյութերի այլ ձեւերում ջրի կորստից։ Այն փաստը, որ մերիլիտը Երկրի վրա չի հայտնաբերվել, նրան չի օժտում որեւէ հրաշք հատկությամբ, այլ մատնանշում է մոլորակների եւ նրանց արբանյակների երկրաբանական տարբերվող անցյալը։
Հայտնի է, որ գիտնականները Բրազիլիայի Ռիո Սորիսոյի ավազանի ադամանդների մեջ մերիլիտի ներդիրներ են հայտնաբերել:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են American Mineralogist ամսագրում:
Ենթադրվում է, որ հայտնաբերված մերիլիտի հատիկները տուիտի կառուցվածքային փոփոխության արդյունք են, որը կայուն է բարձր ճնշումների դեպքում։ Երկրի ստորին թիկնոցում ձեւավորված տուիտը «բռնվել» է ձեւավորվող ադամանդների կողմից եւ վերածվել հազվագյուտ մերիլիտի՝ շարժվելով դեպի Երկրի մակերես։
Հետազոտողների կարծիքով, ադամանդներում մերիլիտի հայտնաբերումը ոչ միայն ցույց է տալիս Երկրի ստորին թիկնոցում առկա ավելի մեծ հանքային բազմազանությունը, այլեւ կարող է հուշումներ տալ արհեստական ադամանդների սինթեզող տեխնոլոգներին: Հնարավոր է, որ ֆոսֆատի փոքր հավելումները օգնեն ավելի որակյալ ադամանդներ արտադրել: