Ozon-ը՝ երկրորդ Wildberries․ ի՞նչ կլինի գնումների հետ, որոնք ՀՀ չհասան 

Ozon-ը՝ երկրորդ Wildberries․ ի՞նչ կլինի գնումների հետ, որոնք ՀՀ չհասան 

Արդեն մեկ ամիս է, ինչ ահազանգեր ենք ստանում ընթերցողներից, որ Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով պատվիրած ապրանքները չեն հասնում օգտատերերին։  

Մասնավորապես, MediaHub-ը ահազանգեր է ստացել հատկապես սնունդի մասով, որոնք պատվիրվել էին Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով և բացի այն, որ տեղ չեն հասել, այդ պատվերներն ուղղակի չեղարկվել են։ 

Փաստացի նմանօրինակ զարգացում եղել էր Wildberries ցանցի հետ, երբ մի պահ հարթակից ուղղակի հեռացվեցին բազմաթիվ ապրանքատեսակներ՝ և՛ սննդամթերք, և՛ կոսմետիկա, և՛ խնամքի այլ պարագաներ ու այլ ապրանքներ։ Փաստացի, Հայաստանում քաղաքացիները զրկվեցին մատչելի առևտուր անելու հնարավորությունից: Մի՞թե այժմ նույնը ցանկանում են անել Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի հետ, որը բոլորովին վերջերս է մուտք գործել հայաստանյան շուկա․ այս հարցով դիմեցինք  «Ozon Հայաստան» ընկերության ներկայացուցչին։

«Մաքսատան հետ կապված խնդիր է եղել և ոչ թե դադարեցրել է, այլ կասեցվել է, քանի որ ուշացումների հետ կապված արագ չի կարողացել լուծել հարցը և մարդիկ ծանուցվել են: Կասեցվել են այդ ապրանքները, որ խնդիրներ չառաջանան ուշացման հետ կապված, մինչև հարցը կարգավորվի և կարողանան նորից պատվիրել»,- ասաց  «Ozon Հայաստան» ընկերության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք սննդամթերքի վաճառքը  կվերադարձվի կայք և հասանելի կլինի ՀՀ քաղաքացիների համար, մեզ հայտնեցին, որ այն ևս մտնում է այն մարքեթփլեյսում ներկայացված տեսականու 1%-ի մեջ , որը ժամանակավորապես կասեցվել է, սակայն հավաստիացրեցին՝ դա ժամանակավոր է և շուտով կվերականգնվի։

Անդրադառնալով ապրանքների առաքման հետ կապված ուշացումներին, մեր զրուցակիցը մեջբերեց «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանի հայտարարությունն այն մասին, թե «անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին»: Ուստի, նշել է Հախվերդյանը, իրենց  աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։ 

Կարող ենք արձանագրել, որ Ozon-ը, լիարժեք կերպով չդիրքավորվելով Հայաստանում, կրկնում է Wildberries-ի ճակատագիրը: Եվ, ինչպես միշտ, տուժում է ՀՀ քաղաքացին:

Մարիաննա Արամյան