Անհետ կորածի 3 անչափահասները 1 օրից կհայտնվեն փողոցում, պետական կառույցները համառորեն լռում են

Անհետ կորածի 3 անչափահասները 1 օրից կհայտնվեն փողոցում, պետական կառույցները համառորեն լռում են

 Նոյեմբերի 12-ին Նախիջևանի սահմանագծի դիրքերից անհետացած 33-ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի երեք անչափահաս երեխաներն ու կինը մեկ օրից կհայտնվեն փողոցում․ տան վարձը չեն կարողանում վճարել, կուտակած պարտքեր ունեն, իսկ իրենց ապրուստի միակ միջոցը 37 հազար դրամ պետական նպաստն է։

«Տղայիս աշխատավարձը անհետ կորելուց անմիջապես հետո կտրեցին, սկսեցին չտալ՝ պատճառաբանելով, թե Վահես դասալիք է»,- MediaHub.am-ի հետ զրույցում լացը մի կերպ զսպելով ասաց զինծառայողի մայրը՝ Մարինե Ստեփանյանը։

Նա նշեց, որ հենց այսօր վաղ առավոտյան Եղեգնաձորից եկել էր Երևան, ՔԿ դիմելու և հասկանալու, թե իր անհետ կորած որդու դեմ ինչու են քրեական գործ հարուցել, սակայն իրեն այսօր չեն ընդունել՝ ասելով, որ Նավասարդյանը տեղում չէ, գործեր ունի։

«Իմ տղան անհետ կորած է, ինչո՞ւ են գործ հարուցել, ի՞նչ հիմքով։ Ախր մայր եմ, էլ չեմ դիմանում, հիմա էլ էս ամենին կից նոր ցավ է ավելանում երեք թոռներս ու հարսս դրսում են հայտնվելու»,- նշեց տիկին Մարինեն։

Վահե Մանուկյանի մայրը տեղեկացրեց, որ որդու կինը՝ Լիանան, վաղը գալու է ՊՆ, որպեսզի ևս մեկ անգամ փորձի դիմել նախարարին և օգնություն խնդրել։ Նշենք, որ Լիանա Մելիքսեթյանն արդեն դիմել է Պաշտպանության նախարարություն, ներկայացրել է խնդիրը, բայց գրավոր պատասխան է ստացել, որ սոցիալական աջակցություն ցուցաբերել չեն կարող։ Բացի այդ, նա մի անգամ էլ Կառավարություն է եկել, մտածել՝ գուցե կարողանա բարձրաստիճան որևէ մեկին կամ Փաշինյանին խնդիրը ներկայացնել, բայց ընդունելության չի արժանացել։

Նրան հորդորել են՝ սպասել, երբ խմբով ծնողներ ցանկություն կհայտնեն տեսնելու, իրենց հետ գա ընդունելության։ Հիշեցնենք, որ 33 ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքով քրեական գործ է հարուցվել դասալիքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից, անդրադառնալով անհետացման դեպքին, նշել էին, որ տարբեր վարկածներ են քննվում, որոնցից մեկը նաև այն է, որ կարող է ձորից ընկել է, սպասում են ձնահալին, որ որոնողական աշխատանքներ հնարավոր լինի կատարել։

Նարե Գևորգյան