«Լսեցի մի անծանոթ տղամարդու ձայն՝ «ձեռքդ տուր»․ հանեց ինձ կրակի միջից, բայց մինչ օրս չեմ տեսել իմ կյանքը փրկած մարդուն

«Լսեցի մի անծանոթ տղամարդու ձայն՝ «ձեռքդ տուր»․ հանեց ինձ կրակի միջից, բայց մինչ օրս չեմ տեսել իմ կյանքը փրկած մարդուն

«Այդ պահին կրակի մեջ իմ գլխում երեք միտք եկավ․ Աստվա՛ծ, մեռնելն այսպե՞ս է լինում, գոնե երեխաս առանց հայր չմեծանա, ու եթե սա վերջն է, ապա շուտ տար, որ էս ցավը չզգամ»,-MediaHub-ին պատմում է արցախցի Գևորգ Գասպարյանը՝ նշելով, որ վերջին պահին, երբ կորցրել է ապրելու հույսը, զրույցի է բռնվել Աստծո հետ, հույսը դրել նրա զորությանը։

«Ու նույն վայրկյանին լսեցի մի անծանոթ տղամարդու ձայն՝ «ձեռքդ տու՛ր»»,- հիշում է նա։ 

41-ամյա տղամարդուն փրկել է միակ որդուն անհայր չթողնելու փափագը։ Արցախում Գևորգն ուներ իր սեփական բիզնեսը։ Բլոկադայի ընթացքում վառելիքի բացակայության պատճառով տուժեց նաև եկամտի հիմնական աղբյուրը, փոխվեց նրա աշխատանքի բնույթը։ Ասում է՝ զգում էր, որ հայրենիքը վտանգված է, և ինքն էլ մյուսների պես ունի առաքելություն, կանգնել հայրենիքի պաշտպանության սահմանին։ 

«Ծառայության էի անցել աշխարհազոր ուժերում։ Պատերազմի օրը ես էլ գտնվում էի դիրքերում և չնայած մեր պատրաստությանը, աննահանջ պայքարին ու ոգուն, ամեն ինչ դասավորվեց մեր կամքին հակառակ»,- ասում է նա։  

Գևորգի ողջ մնալն իսկական հրաշք էր, որ տեղի ունեցավ Գասպարյանների ընտանիքում։ Սակայն, դիրքերից իջնելուց հետո ընտանիքին տարհանելու նպատակով հազարավոր արցախցիների պես կանգնել է փաստի առաջ․ վառելիք չկար։ 

«Գնացի Հայկազով։ Հարյուրավոր մարդիկ էին հավաքված, բոլորին վառելիք էր պետք, բոլորը հուսահատ էին։ Պահեստ հասնելուն պես տեղի ունեցավ պայթյունը, ու ես էլ հայտնվեցի կրակի մեջ։ Մի կողմից անձրև էր գալիս, մյուս կողմից իմ ականջին հասնում էր օգնություն աղերսող ձայները, որի կարիքն ունեի նաև ես։ Անծանոթ այդ տղամարդը, բռնելով իմ ձեռքից, հանեց կրակից»։

Գևորգը չգիտի նրա անունն ու չի հիշում դեմքը, սակայն, մինչ օրս նրա ականջներում անծանոթի բառերն են՝ «փախի՛ր շուտ, կարող է կրկին պայթյուն լինել»։

Այդ օրվանից մինչ օրս փորձում է գտնել իր կյանքը փրկած մարդուն, սակայն, դեռ չի հաջողում։ 

Փրկարարները Գևորգին տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ստանալով առաջին օգնություն՝ նրան ու աղետի տարածքում այրվածքներ ստացած 200-ից ավելի մարդկանց հաջորդ օրն ուղղաթիռներով տեղափոխել են Հայաստան։ Բժիշկներին հաջողվել է փրկել Գևորգի կյանքը, սակայն ամպուտացրել են ձեռքերի մատները։

Նա հիշում է, թե ինչպիսի հոգատարությամբ էր տարիներ առաջ խնամում իր միակ որդուն։ Այսօր արդեն 15-ամյա տղան նույն հոգատարությամբ խնամում է հորը։ 

«Առավոտյան սուրճ է պատրաստում, օգնում առօրյա ինքնասպասարկման մեջ, ինչ-որ չափով թեթևացնելով նաև մեր տան հոգսը։ Երաժիշտ է, դհոլ է նվագում: Հատկապես սիրում եմ լսել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը՝ նրա կատարմամբ»։ 

Արցախի՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի վերականգնող թերապևտները ջանք չեն խնայում, որ Գևորգն ու կենտրոնում բուժում ստացող մյուս տղաներն օր առաջ ապաքինվեն։ 

Հունան Թադևոսյան