Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ն` «խաղաղության»

Նախիջեւանի հետ կապ կհաստատվի, անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե ոչ: Այդ մասին Անկարայում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ Այսպիսով, Ադրբեջանը այլընտրանք ունի Նախիջեւանի հետ Իրանի տարածքով Արաքս գետով կապվելու՝ շրջանցելով Հայաստանը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է կապ հաստատել միմյանց հետ ոչ թե Սյունիքով, այլ Իրանի տարածքով: Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ՌԴ-ից, քանի որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հսկողությունը դրվելու էր ռուսական սահմանապահների վրա, սակայն այդ դեպքում թուրքական և ադրբեջանական բեռները հսկվելու էին Մոսկվայի կողմից:
Բաքուն չի ցանկանում մեծացնել իր կախվածությունը Մոսկվայից և կառուցում է Զանգեզուրի միջանցքին զուգահեռ տրանսպորտային միջանցք՝Իրանի տարածքով, որպեսզի միանա Նախիջևանին:
Եթե Զանգեզուրի միջանցքն այս կամ այն պատճառով կյանքի չկոչվի, Ադրբեջանը այդ փաստը կարող է օգտագործել նոր պատերազմ հրահրելու համար՝հղում անելով Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթին, որտեղ նշված է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին:
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ճանապարհներ, զորամասեր կառուցելով Արցախի օկուպացված տարածքներում, գնում է նոր զինատեսակներ, իսկ ՔՊ-ականները հայաթափում են Բերձորը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ հպարտ քաղաքացին Փաշինյանի և թիմի մասին:
Վահրամ Բագրատյան