ՌԴ քաղաքացիներից պահանջել են ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և դիմել փախուստի. քրեական հետախույզները բացահայտել են դեպքը

ՌԴ քաղաքացիներից պահանջել են ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և դիմել փախուստի. քրեական հետախույզները բացահայտել են դեպքը

Հուլիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին՝ դանակ, և պահանջել են փող և ոսկի: Ինքը նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետև բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատին, որտեղից երրորդ ընկերը կանխիկացրել և նրանց է տվել 18.000 դրամ, ինչից հետո նրանք դիմել են փախուստի:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գեղարքունիքի մարզի 20 և 23 տարեկան երկու բնակիչ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և Մարտունու բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.55-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել է Երևանի Մանանդյան փողոցում, իսկ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է հուլիսի 29-ին, ժամը 00.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: