Ռուսաստանից ժամանած անվանի մարզիկները Ստեփանակերտում սեմինար մարզումներ են անցկացնում

Ռուսաստանից ժամանած անվանի մարզիկները Ստեփանակերտում սեմինար մարզումներ են անցկացնում

Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած աշխարհահռչակ  մի խումբ մարզիկներ Ստեփանակերտում   խառը մենամարտերի (MMA) սեմինար մարզումներ են անցկացնում: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը հավաստիացրել է, որ նախաձեռնությունը շարունակական  է լինելու:

«Ստեփանակերտում երկօրյա վարպետաց դասեր անցկացնելու նպատակով Ռուսաստանից ժամանել է 6 պրոֆեսիոնալ մարզիկ: Դրանց մասնակցում են Արցախի մարտարվեստների ասոցիացիայի խառը մենամարտերի մարզիկները: Նպատակն մարզական նոր գիտելիքների և փորձի ձեռքբերումն է, ինչպես նաև այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը»,-ասել է Գ. Աղաբալյանը։

 Ռուսաստանյան «Ֆայթ Նայթ» կազմակերպության չեմպիոն Մորիս Բորեանը երկրորդ անգամ է Արցախում:

«Արցախցի մարզիկների հետ հանդիպումներն անչափ ոգևորիչ են: Արցախում ենք վերապատրաստելու և նոր հնարքների մեր փորձը փոխանցելու այստեղի մարզիկներին՝ հաղթանակների նախապատրաստելու նպատակով:Այստեղ նկատել  ենք, որ երեխաները շատ են հետաքրքրված  այս մարզաձևով»,-ասել է Մ. Բորեանը: