Թեստ. որքա՞նով եք հիշում հայ գրականության դասերը

Թեստ.  որքա՞նով եք հիշում հայ գրականության դասերը

Նշանավոր հայ գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել: Սկզբնական կրթությունը Նար-Դոսն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։

Մեկ տարի հետո թողնելով Միքայելյան դպրոցը՝ նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906թթ.-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904թ.-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918թթ.-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։

1931թ.-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888թթ.-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։