Բժիշկները 15-ամյա աղջկա մոտ հազվադեպ հանդիպող քաղցկեղը շփոթել են հղիության հետ

Բժիշկները Մեծ Բրիտանիայի 15-ամյա բնակչուհու մոտ հազվագյուտ քաղցկեղի ախտանիշները շփոթել են հղիության հետ և մեղադրել նրան ստելու մեջ։ Այս մասին հայտնում է Metro-ն։ 2019 թվականին Հալլի Փոլարդը մի քանի շաբաթ շարունակ տառապում էր մշտական հոգնածությունից, մեջքի ցավից և միզելու դժվարությունից։ Բացի այդ, նա սկսել է արագորեն նիհարել։ Երբ մայրը աղջկան տեղափոխել է հիվանդանոց, բժիշկները նրանից մեզի և արյան անալիզ են վերցրել և հայտարարել, որ նա հղիության վերջին ամսում է։
«Ես գիտեի, որ հղի չեմ։ Ես ընդամենը 15 տարեկան էի և հասկանում էի, որ դա անհնար է»,- ասել է Փոլարդը Metro-ին տված հարցազրույցում։
Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները փորձել են աղջկան մեղադրել ստելու մեջ և հորդորել խոստովանել, որ սեռական հարաբերություն է ունեցել, մայրը պահանջել է, որ նա ուլտրաձայնային հետազոտություն անցնի։
«Ուլտրաձայնային հետազոտություն կատարած բուժքրոջ դեմքը մեր աչքի առաջ փոխվեց. նա մեզ ոչինչ չասաց»,- իր հիշողություններով կիսվեց Փոլարդը: Հետազոտությունն ու հետագա հետազոտությունները պարզել են, որ երիտասարդ բրիտանուհին ունեցել է ձվարանների քաղցկեղի վերջնական փուլ՝ թոքերում բազմաթիվ մետաստազներով։
Աղջկան վիրահատել են՝ հեռացնելով ձախ ձվարանն ու քիմիաթերապիայի չորս կուրս անցել։ Նա խոստովանել է, որ բուժման պատճառով շատ ուժեղ մազաթափություն և արտաքին տեսքի այլ փոփոխություններ է կրել, բայց այս ամբողջ ընթացքում իրեն աջակցել են ընտանիքն ու ընկերները։ Արդյունքում Փոլարդն ութ ամիս անցկացրել է կլինիկայում, դուրս է գրվել 2019 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակվանից նրա հիվանդությունը ռեմիսիայի մեջ է։