Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով Արցախում տեղի ունեցածը որակվում են որպես էթնիկ զտnւմ

«Որ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախում՝ հայ ժողովրդի նկատմամբ, միանշանակ անհերքելի փաստ է։ Դրա վկայությունն այն վավերագրություններն են, որ ներկայացրեցին լրատվական միջոցները՝ առաջին դեմքով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ մի քիչ ուշացումով, բայց կարևոր հայտարարություններով միջազգային հանրությունը սկսել է խոսել բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին։
«Ի վերջո, 100 հազարից ավելի մարդ իր բնակավայրը չի լքել սեփական կամքով։ Միայն ցեղասպանվելու վտանգը, որ արդեն շոշափելի էր, ստիպեց Արցախի նախագահին կայացնել տարհանվելու, կոշտ կերպով ասած՝ Արցախը լուծարելու որոշում»,- ասում է Այնթափլեանը՝ անդրադառնալով բանաձևին:
Եվրախորհրդարանը մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես էթնիկ զտում: Բանաձևը կոչ է անում Եվրահանձնաժողովին վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունը և կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հրադադարի խախտումների և մարդու իրավունքների ոտնահարումների համար:
«Բանաձևում մի շատ կարևոր ընդգծում կա․ դատապարտելով Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը, նաև որոշում է կայացվել հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ»:
Փաստաթուղթն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
«Սպասենք հայտարարություններից գործողությունների անցնելու ընթացքին։ Պատժամիջոցները, կարծում եմ, կզսպի Ադրբեջանի նախագահին։ Առանց դրա Ալիևը դժվար հարցին մարդասիրական քայլերով լուծումներ առաջարկի՝ մեջքին զգալով Թուրքիայի և Իսրայելի անվերապահ աջակցությունը։ Այդ երկրները փոխօգնությամբ քաոսի են վերածել Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը»,- եզրափակում է Այնթափլեանը։
Հունան Թադևոսյան