Հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից. Կիևն առաջարկներ է ներկայացրել

Հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից. Կիևն առաջարկներ է ներկայացրել

Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները, գրում է ՏԱՍՍ-ը։

Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։

«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից:

Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումը կբերի երկարաժամկետ քաղաքական կարգավորման։