«Գլխի» ցածրորակ «մշակույթը»

Երեկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս օգտագործել է «կառավարության գլուխ» ձևակերպումը: Տեղի ունեցածն անհետևանք չմնաց, որովհետև այլ պատգամավորի հարցի պատասխանելիս, Փաշինյանը նույն «գլուխ» բառով, ըստ էության, հակադարձեց Քոչարյանի որդուն:
«Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես պատասխանեցի, որ...», - ասել է Փաշինյանը, ապա հետևած աղմուկին արձագանքել է. «Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չէ, ի՞նչն ա պրոբլեմը»:
«Գլխային» փոխադարձ որակումներից հետո խորհրդարանում սկսվեց լեզվակռիվ, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:
Խնդիրն ավելի խորքային է ու բացահայտում է Հայաստանի քաղաքական մշակույթի ցածրորակությունը, երբ քաղաքական բովանդակությունը, կարևոր, երկրի համար առանցքային հարցերը մնում են նման բառամթերքի ու լեզվակռվի լուսանցքում:
Սա է մեր քաղաքական կյանքի նշաձողը, երբ վարչապետն ինքն է շատ հաճախ դառնում սովորական մի պրովոկատոր՝ սեփական օրակարգն առաջ մղելու համար:
Իսկ այդ օրակարգն ակնհայտորեն կապ չունի երկրի անվտանգության, կենսական հարցերի հետ ու որպես առանցք՝ հետապնդում է սեփական իշխանության պահպանումը: Փաշինյանը իր լուզեր իշխանության «կենսունակությունը» ապահովում է «նախկինների» դեմ «խաչակրաց պատերազմով»:
Ու դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի ստեղծվել այլընտրանքային քաղաքական բովանդակություն:
Վահրամ Բագրատյան