Ծակ Նիկոլը, քան թե ներկայացնի Հայոց դատը, ադրբեջանցի վերլուծաբանի դեր է կատարում. Հովհաննիսյան
Ծակ Նիկոլը՝ հիշողության ծակ ունեցող մարդ է, և իր մեղքերը հենց այդ հիշողության ծակի մեջ է խցկում։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, իր ստեղծած ծակի մեջ է մտցնում հայոց պատմությունը, շահն ու իրավունքը։
«Սկզբում մենք մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղսունակություն է։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա կանխամտածված է, դա ծրագրի մաս է։ Ու երբ ծակ Նիկոլը նստում ու ժամերով խոսում է, ինքը ծակն է խցկում Հայաստանի ինքնիշխանությունը, ամբողջականությունը, շահերն ու իրավունքը։ Եվ դա վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ղարաբաղին, թե՛ Սփյուռքին։ Երբ ինքն ասում է՝ Արցախի մեր հայրենակիցներին սպառնում է ցեղասպանություն և հայրենիքի մեր այդ մասը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ արցախցուն ուղարկելով ցեղասպան Ադրեջանի կազմում ապրելու, ինքը դառնում է ցեղասպանության մեղսակից»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ սա ավելին է, քան դավաճանությունը։ Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ սա չարիք է, որ մեզ այցելել է պատմության խորքից և մենք չպետք է թույլ տանք, որ մարդը հիշողության ծակի մեջ խցկի մեր պետությունը, մեր ազգն ու ժողովրդին։
«Նա չունի արժանապատվություն և տղամարդկություն, որ իրեն ծակը գցի՝ պետության ու ազգի փոխարեն։ Ինքը մեկին քաղբանտարկյալ է դարձնում, մյուսի ճանապարհն է փակում, երրորդի առաջ պայմաններ է առաջ քաշում, որ մենակ չմնա հիշողության այդ ծակի մեջ։ Բայց մենք հասել ենք այս վիճակին, երբ Արցախին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը»,- նկատեց Հովհաննիսյանը։
Նա ցավով նշեց, որ Արցախը մեր աչքի առջև ապրում է իր կյանքին սպառնացող ահավոր օրեր, ու մենք պետք է ցնցենք հայոց ու միջազգային հանրային կարծիքը, ու դա պետք է աներ Փաշինյանը։
«Ինքը, քան թե ներկայացնի Հայոց դատը, ադրբեջանցի վերլուծաբանի դեր է կատարում։ Հայաստանի դիվանագիտական նախորդ սխալներն է հանում ու մատնանշում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։