«Տարեց կին է, ձեռք չտաք». ադրբեջանցիները Գոհարին փորձել են սպանել, բարձրաստիճան սպան չի թողել

«Տարեց կին է, ձեռք չտաք». ադրբեջանցիները Գոհարին փորձել են սպանել, բարձրաստիճան սպան չի թողել

Պատերազմական իրավիճակով պայմանավորված, Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը սեպտեմբերի 20-ին տարհանվեց։ Գյուղացիներն ասում են, որ մարտական գործողություններն ավելի էին թեժանում, իսկ թիրախում խաղաղ բնակավայրն էր, բնակելի տները։ Լսելով, որ հարևան Սառնաղբյուրում անգամ զոհեր ու վիրավորներ կան, տարհանումը կազմակերպվեց անհապաղ։ 

82-ամյա Գոհար Սաֆարյանը մնաց Վարդաձորում։ «Մայրս բոլոր պատերազմների ժամանակ գյուղը չի լքել։ Առաջին պատերազմում էլ վերջինն է դուրս եկել, նույնիսկ մանկահասակ երեխային կապել է մեջքին, այնպես, որ երեխան չվնասվի, ու դուրս է բերել, թշնամին չի նկատել։ Այս պատերազմում էլ որքան համոզեցինք, չեկավ, ասում էր՝ «ես իմ ամուսնու գերեզմանը չեմ թողնի, դուրս գամ»: Չգիտեինք, որ ամբողջական հայաթափում է լինելու, մտածում էինք հետ՝ կգանք։ Ինքն ասում էր՝ «դուք գնացեք, ես մինչև մահ պիտի նայեմ ամուսնուս գերեզմանին»»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Գոհարի որդին՝ Արամը։ 

Ստեփանակերտում իմանալով Արցախը վերջնականապես լքելու մասին՝ Արամը դիմել է փրկարարներին։ Հայաթափված Վարդաձորում տարեց կինը միայնակ մնացել է 4 օր։ Կրակի դադարից հետո զբաղվել է իր առօրյա գործերով՝ մտածելով, որ համագյուղացիները շուտով կվերադառնան։ Գնացել է գյուղի աղբյուր ջուր բերելու։ Արամի խոսքով՝ հենց այնտեղ էլ ադրբեջանցիները նկատել են Գոհարին։ 

«Նրանցից 2-ը բռնել են մորս ու փորձել են սպանել, սակայն 3-րդը, մորս ասելով, բարձրաստիաճան սպա էր ու չի թողել, ասելով՝ «միայնակ տարեց կին է, ձեռք չտաք, հերոս է, որ համարձակվել է միայնակ մնալ»։ Մամաս տուն է եկել, միացրել վառարանը, զբաղվել իր առօրյա գործերով»,- ասում է մեր զրուցակիցը:

Գոհար Սաֆարյանը 3 որդի է լույս աշխարհ բերել։ Արամն ասում է, որ Բաքվում ապրելու տարիներին եղբայրներից մեկը դարձել է դժբախտ պատահարի՝ վրաերթի զոհ։ Տղաներից մեկն ապրում է Ռուսաստանում, որտեղ բռնի տեղահանությունից հետո ապաստանել է և մեր հերոսուհին։ 

«Սեպտեմբերի 24-ին փրկարարները գնացել են մեր ու հարևան գյուղեր, այնտեղից դիեր տեղափոխել Ստեփանակերտ։ Փրկարար ծառայության ղեկավար Մեխակ Արզումանյանն էլ նույն մեքենայով տարհանել է մորս։ Նա տանն է եղել»։ 

Գոհար Սաֆարյանը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Համայնքի ղեկավարը նրան հանդիպել է 7-րդ դպրոցում։ Գոհարը Սամվել Սառաջյանին խնդրել է, որ եթե հնարավորություն լինի հետ գնալու, ապա իր տունը լավ պահեն, չթողեն, որ վնասեն։ 

Լուսանկարում՝ Գոհար Սաֆարյանն է ՌԴ-ում բնակվող որդու հետ:

Հունան Թադևոսյան