Հայտնի է 18 համարի ավտոբուսի վրա կրակած անձի ինքնությունը

Հայտնի է 18 համարի ավտոբուսի վրա կրակած անձի ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին, Երևանում, Արզումանյան փողոցում թիվ 18 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսի վրա կրակոց արձակողին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, թե ով է ենթադրյալ կրակոցներ արձակողը և ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրան:

Գ. Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Աշոտ Բ.-ն է, ով իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով կրակել և անզգուշությամբ վնասել է ավտոբուսի կողային ապակին՝ պատճառելով նյութական վնաս:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ օպերները դուրս են եկել նրա հետքի վրա, նա սկսել է ոստիկանների հետ խոսել ինչ-որ տարօրինակ բառերով և ասել է, որ ինքը հնդիկ է, սակայն քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Պողոսյանը, ով վերջին 1 տարում մասամբ տիրապետում է հնդկերեն լեզվին, քանի որ հնդիկների մասնակցությամբ բազմաթիվ հանցագործություններ է բացահայտել, զգացել է, որ կասկածյալը փորձում է իրենց մոլորեցնել ու իրականացրել է «Վիցիկ դանա» օպերացիան ու նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին: