«Փրկիչ» Փաշինյանի մասին

«Փրկիչ» Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության գեներալ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով Փաշինյանին պատկերում է «փրկիչի» կերպարով: 

Մելքոնյանի «բացահայտումը» 

«Ընդդիմադիրները որ խոսում են, թե Փաշինյանը գնա, մենք ամեն ինչը կդզենք: Ղարաբաղում Փաշինյանը գնաց, իրանք եկան իշխանության, քանի՞ օր տևեց. 7 օրում կապիտուլյացիան բան արեցին»,-  ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: 
«Հիմիկվա Հայաստանում եթե Փաշինյանը գնաց, քանի՞ օր եք դիմանալու»,- շարունակել է պատգամավորը: 

Իշխանության ցինիզմը 

Իրականում Մելքոնյանի դեմքով խոսում է իշխանությունը: Մենք կանխատեսել էինք այս սցենարը, որ Արցախի կործանման պատասխանատվությունը Փաշինյանը փորձելու է դնել ԼՂ-ում տեղի ունեցած իշխանափոխության վրա:
Ինչքան մակերեսային ու փաստազուրկ է այս վարկածը՝ դարձյալ խոսել ենք:
Դժվար չէր պատկերացնել, որ Փաշինյանին «փրկելու» այս սցենարի երկրորդ արարն այն մասին է, թե ինչ վտանգավոր է իշխանափոխություն անել Հայաստանում:
Այսինքն, Փաշինյանը «փրկիչ» է ու կարևոր չէ այն «անկարևոր» փաստը, որ նրա իշխանության տարիներին Արցախ ու Հայաստանի սուվերեն տարածքներ ենք կորցրել:

Վահրամ Բագրատյան