Արցախի փրկությո՞ւն, սեփական ես-ի անվտանգության երաշխիքնե՞ր. ինչ է փնտրում Հարությունյանը Փաշինյանի մոտ

Արցախի փրկությո՞ւն, սեփական ես-ի անվտանգության երաշխիքնե՞ր. ինչ է փնտրում Հարությունյանը Փաշինյանի մոտ

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են և այդ հանդիպումը լավ չի անցել Արցախի նախագահի համար, որը պաշտոնից հեռանալու ճիգեր է գործադրում: 

MediaHub-ը բազմիցս է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Փաշինյանն ու Հարությունյանը հանդիպում, հեռախոսազրույց չեն ունեցել: Ինչը զարմանալի էր հատկապես Արցախի շրջափակման ընթացքում: Արցախի նախագահականից մեզ հավաստիացնում էին, որ շփումները պարբերաբար են, բայց, ասել է թե, ոչ հրապարակային: Սակայն իրադարձությունների զարգացումները վկայում էին հակառակի մասին:

Մենք ուշադրություն էինք դարձրել նաև այն հանգամանքին, որ Փաշինյանը պետնախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ չշնորհավորեց ո՛չ Ռուբեն Վարդանյանին, ո՛չ նրան փոխարինած Գուրգեն Ներսիսյանին: Այսինքն՝ ՀՀ իշխանությունը այլևս չի ճանաչում Արցախի իշխանությանը:

Եվ ահա երկու օր է մամուլը գրում է այն մասին, որ Հարությունյանը վերջապես հանդիպել է Փաշինյանին, և նեղսրտած է խեղճ նախագահը: Իսկ ինչո՞ւ է նեղսրտած: Ըստ մամուլի՝ Փաշինյանը նրան ասել է, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին ու լեզու գտնի Բաքվի հետ, իսկ Արևմուտքը, իբրև թե, խոստացել է հայ բնակչության իրավունքների հարցերը լուծել այնպես, որ էթնիկ զտումներ չլինեն: Այլ հարց է, թե Արևմուտքը մինչ օրս ո՞ր երկրում է կարողացել ապահովագրել բնակչությանը էթնիկ զտումներից, քանզի Արայիկին այս դեպքում ավելի շատ հուզել է սեփական ճակատագիրը՝ ինչպես միշտ:

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ջատագովը լինելով, նրան պահելով ու պաշտպանելով բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներում, նրա աղետալի քաղաքականությունն արդարացնող, անգամ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի փեշից կախված Արայիկ Հարությունյանը նո՞ր հասկացավ, որ իր անունը պատմության մեջ մնալու է որպես ղեկավարի, որի օրոք Արցախը հանձնվեց, մարդիկ էլ ցեղասպանվեցին: Նման հեռանկարը շատ մեծ է և, կարծում ենք, քչերն են կասկածում, որ այլ զարգացում է լինելու նման արնախումների հետ ինտեգրվելու պարագայում. ՀՀ-ն կանաչ լույս է տվել Ադրբեջանին և քաշվել մի կողմ:

Արայիկ Հարությունյանը, որը նախքան 2020 թվականի աղետալի պատերազմը, քաջ իմանալով դրա մոտալուտ լինելու մասին, վաճառեց իր այգիներն ու պատրաստվեց պատերազմին այնպես, որպեսզի հնարավորինս նվազ ֆինանսական կորուստներ կրի, հիմա էլ պատրաստվում է հեռանալ նախագահի պաշտոնից “քանի դեռ ուշ չէ” սկզբունքով՝ նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն: Նա հույս ունի, որ այդպես գոնե իր անունը կփրկի, ասել է թե՝ անունը չի մնա պատմության էջերում որպես նախագահի, ում օրոք արյունալի ինտեգրումը տեղի ունեցավ և հայը վերջնական կորցրեց Արցախը: Կստացվի՞ բայց այս սցենարը կյանքի կոչել:

Եթե հաշվի առնենք ջերմ հարաբերությունները, որ ձևավորվել են Փաշինյան-Ալիև-Հարությունյան եռանկյունում՝ հնարավոր է: Ադրբեջանը արդեն իսկ գիտի, որ Արցախն իրենն է՝ այս երկուսը դրա երաշխիքները տվել են, անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյանն ինչպիսի սրտաճմլիկ հայտարարություններ է անում, իսկ դրանց զուգահեռ չի բացառում, որ կարող է և գտնվեն ուժեր, որոնք կողմ են Ադրբեջանի հետ ինտեգրացիային: Թե ով է Արայիկ Հարությունյանը, որը դեռ երեսունը չբոլորած դոլարային միլիոնատեր էր, արցախցիները լավ գիտեն: Դրա համար նրա բառերը «հալած յուղի» պես չեն ընկալվում, այլ մտածելու տեղիք են տալիս՝ նրա ուղեղը սցենարը մշակել է, մնացել է գտնել քավության նոխազ դառնալ ցանկացող մեկին: Անշուշտ՝ կգտնվի, և շատ արագ դրա անունը մենք կիմանանք:

Կարող ենք ենթադրել, որ Արայիկ Հարությունյանն իրականում հանդիպել է Փաշինյանին ոչ թե Արցախի ճակատագրով մտահոգված (հա էլի, էլ ինչ մտահոգվես, երբ շատ լավ գիտեիր, թե քո ու ՀՀ ղեկավարի վարած քաղաքականությունն ուր են բերելու), այլ սեփական ապագայի հետ կապված երաշխիքներ ստանալու նպատակով: Այն, որ նա բավարար ֆինանսական միջոցներ ունի սեփական ընտանիքի ու թոռների հետ անհոգ ապրելու աշխարհի ցանկացած ծայրում հայտնի է, բայց արդյոք երաշխիքներ կան, որ նրա կյանքը կլինի անվտանգ: Եվ ո՞վ կարող է այդ երաշխիքները տալ, եթե ոչ նողկալի եռանկյունու հայտնի դերակատարներից մեկը: