Փաշինյանը մեր հայրենակիցների հետ վարվում է այնպես, ինչպես Պիղատոսը՝ Քրիստոսի. երկուսն էլ լվացին ձեռքերը

Մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, գանգատներից ու հայցերից հրաժարումը։ Այս մասին իր նիդերլանդացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ընդհանրապես, երբ երկրները գնում են խաղաղության պայմանագրի կնքման ու եթե երկուստեք կա իրոք խաղաղության հասնելու ցանկություն, նախքան պայմանագրի դրույթների քննարկումը, փորձում են վերացնել առկա խնդիրները, որովհետև պայմանագրի կնքումից հետո, եթե այդ խնդիրները լուծում չստացան, կնշանակի կամ նոր պատերազմ, կամ այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալն ընդամենը կապիտուլյացիոն ակտ է կողմերից մեկի համար։
Այս պահին ապօրինաբար Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մյուս ռազմագերիները։ Առկա են բազմաթիվ փաստեր, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում ենթարկվում են տարատեսակ բռնաճնշումների ու խոշտանգումների։ Ադրբեջանը ավելացնում է նրանց նկատմամբ շինծու մեղադրանքները, կորզում կեղծ ցուցմունքներ, ինչպես արդեն պարզ դարձավ, նաև Արցախում մնացած մի քանի հայերից։ Ամբողջ դատավարությունը բեմականացում է, ոչ միայն մարդու իրավունքների ու միջազգային կոնվենցիաների խախտմամբ, այլև սեփական երկրի օրենքների արհամարմամբ։
Հավելյալ Բաքուն փակում է նաև Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային ներկայացուցչությունը, որի միջոցով երբեմն հնարավոր էր լինում որոշակի կապ հաստատել մեր հայրենակիցների հետ։ Այսինքն Ադրբեջանը բացի խոշտանգումներից, նաև փորձում է ընդհանրապես մեր հայրենակիցներին զրկել արտաքին աշխարհի հետ կապի բոլոր միջոցներից, ամբողջովին մեկուսացնել նրանց։
Խիստ տեսականորեն ենթադրենք, որ այդ խաղաղության պայմանագիրը կնքվեց, շեշտում եմ, խիստ տեսականորեն, քանի որ այն մոտ ապագայում չի կքնվելու, բայց ենթադրենք, ու Ադրբեջանը հրաժարվի վերադարձնել մեր հայրենակիցներին։ Օրինակ հայտարարի, որ այո, մենք ձեզ հետ կնքել ենք խաղաղության պայմանագիրը, բայց նրանց չենք վերադարձնելու, քանի որ համարում ենք ռազմական հանցագործներ ու ենթարկելու ենք պատասխանատվության։
Այդ դեպքում ի՞նչ է անելու Հայաստանը. ոչինչ, քանի որ ինքն իրեն զրկել է միջազգային ատյաններում հարցին հնչեղություն տալուց, դատական հայցեր ներկայացնելուց, Ադրբեջանի դեմ իրավաբանորեն քայլեր անելուց ու ճնշումների ենթարկելուց։ Առավելագույնը, որ կարող է անել, եթե իհարկե անի, այն է, որ կխնդրի որևէ պետության կամ կառույցի ղեկավարի, որպեսզի այդ հարցով դիմեն Ալիևին, սակայն դա արդեն կախված կլինի տվյալ պետության ու Ալիևի քմահաճույքից կամ տվյալ պահի քաղաքական շահերից ու մեր հայրենակիցները Հայաստանի օժանդակությամբ կդառնան քաղաքական հարցերի շահարկման միջոց։
Ավելի վաղ ասել եմ, որ մեր հայրենակիցների վերադարձի դեպքում նրանց Փաշինյանը դատելու է Հայաստանում ու այստեղ շարունակելու է այն, ինչ Ադրբեջանում սկսել է Ալիևը, ընդամենը Բաքվի բանտը փոխարինվելու է Երևանի բանտով, բայց կարծես Նիկոլ Փաշինյանը գտավ ավելի հեշտ ճանապարհ, թողնելով, որպեսզի Ալիևն էլ հենց ավարտի այն, ինչ սկսել է։
Եթե ի մի բերենք ասվածը, ապա երեկ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ու մեր մյուս ռազմագերիներից, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ուրացան մեր հայրենակիցներին։
Կարեն Կարապետյան