«Մինամյոտի» արկն ուղիղ ընկել է այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվել ու փորձում էին նստել մեքենաները

Մինչ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Արցախի Կարմիր շուկա գյուղը հաճախ էր հայտնվում պաշտոնական հաղորդագրություններում։ Թշնամին այս ուղղությամբ հրադադարը հաճախ էր խախտում, քանի որ 2020-ից հետո ադրբեջանական հենակետերը հայտնվել էին գյուղի հարակից տարածքում և շարժն իրենց տեսադաշտում էր։
Համյանքի ղեկավար Նարեկ Աթայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նախքան լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Կարմիր շուկայում կրակոցներն ամենօրյա բնույթ էին կրում, անգամ խոշոր տրամաչափով զենքեր են կիրառվել։
«Մեկ անգամ չէ, որ կրակել են տների ուղղությամբ, մեքենաներ, տանիքներ, դռներ ու լուսամուտներ են վնասվել, թիրախավորվել են դաշտերում աշխատող խաղաղ բնակիչները։ Բայց, այդքանով հանդերձ, բնակիչները չեն հեռացել, հույսով, որ ամեն ինչ այդպես չի մնա, որ մի օր հարցը կլուծվի մեր օգտին, թշնամական դիրքերը հետ կքաշվեն»,-ասաց նա։
Սեպտեմբերի 19-ի կրակոցները նախորդներից բնականաբար տարբերվում էին։ Նարեկ Աթայանի խոսքով՝ ուղիղ կեսօրին հենց առաջին կրակոցներով համայնքն արդեն թիրախի տակ էր։ Մարդիկ պատսպարվել էին ապահով վայրերում, մինչև նրանց տեղափոխել են նախապես կառուցված ապաստարաններ։
«Այդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը գտնվում էր դիրքերում և մասնակցում էին Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի պաշտպանությանը։ Իրավիճակը գնալով բարդանում էր, նորից ասեմ, որ կրակում էին տների ուղղությամբ, այնպես, որ տարհանումը դարձել էր անխուսափելի»,-ասաց նա։
Տարհանման պատասխանատվությունը նաև համայնքում տեղահանված փրկարար ծառայության հենակետի ծառայողների վրա էր։
«Սեպտեմբերի 19-ի գիշերը տարհանում կազմակերպելը վտանգավոր էր»,- իր հերթին ասաց հենակետի պատասխանատու Հմայակ Ասրյանը։
«Սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 8-ին սկսել ենք կազմակերպել։ Խնդրել ենք ռուս խաղաղապահներին, որ գան դպրոցի բակում կանգնեն, որ բնակչության ուղղությամբ չկրակեն, չեն եկել։ Դրա համար ինքնուրույն սկսել ենք այդ աշխատանքը։ Առաջին «ռեյսը» իմ մեքենայով եմ կազմակերպել։ Մերոնք էլ էին մեքենայում, այդ թվում՝ մայրս ու երեխաս, այլընտրանքային ճանապարհով պիտի տանեի Կավահան-Մսմնա ուղղություն, իրենց թողել եմ Խերխան գյուղում ու ես հետ եկել, որ հաջորդ խումբը տանեմ։ Մերոնք իմանալով, որ Մսմնան թշնամու վերահսկողության տակ է, ծմակների միջով հասել են Ննգի։ Դա արդեն բառերով նկարագրելու չի։ Մի կողմից վախը, մյուս կողմից՝ թշնամու առաջխաղացումը, վտանգավոր էր։ Երբ հասա գյուղ, որ հաջորդ խումբը հետ բերեմ, իմացա, որ ճանապարհը, որով տարել եմ նաև մերոնց՝ վտանգավոր է»,- ասաց Ասրյանը։
Առաջին խումբը՝ մոտ 30 հոգի, ոտքով անվնաս հասել է Ննգի։ Չնայած հիմնական ճանապարհով երթևեկելը ռիսկային էր, բայց Կարմիր շուկայի բնակիչների մի մասն անցել է սեփական մեքենաներով։
«Փրկարար ծառայության շտապ օգնության մեքենայից բացի, տարհանումը նաև «Կամազ» ու «Զիլ» մակնիշի մեքենաներով ենք կազմակերպել։ «Մինամյոտի» մեկ արկ ուղիղ ընկել է այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվել ու փորձում էին նստել մեքենաները։ Բախտներս բերեց, նույնիսկ վիրավոր չունեցանք։ Մարդկանց մի մասը չի սպասել, ոտքով դուրս են եկել անտառներ, սարսափելի օրեր են քաշել։ Սրտահովությունն այն է, որ բոլորը փրկվել են»։
Հմայակ Ասրյանը նաև ասաց, որ խաղաղապահները BTR մեքենաներով հանձն են առել ուղեկցել բնակիչներին մինչև իրենց հենակետ։ Բայց խաղաղապահների հենակետում ապաստանած բնակիչների աչքի առաջ ականանետի մեկ արկ ընկել է ռուսների ուղղությամբ, որից հետո վերջիններս դադարեցրել են ուղեկցումը։
«Դրանից հետո մենք շարունակել ենք տարհանումը։ Այլընտրանքային ճանապարհներն արդեն թշնամու հսկողության տակ էին։ Չեմ հիշում քանի երթ ենք կատարել, բայց ամեն անգամ 20-30 մարդ ենք դուրս բերել, բոլորին անվնաս հասցրել Ննգի»։
Ոչ կապ կար, ոչ լույս։ Շրջանը պաշարված էր, Կարմիր շուկան ու Թաղավարդը զինադադարից հետո հայտնվել էին մեկուսացված վիճակում։
«Նաև ինֆորմացիայի բլոկադա էր, չգիտեինք՝ ի՞նչ է իրականում կատարվել։ Ավելի ուշ կապ կարողացա հաստատել իմ ղեկավարության հետ։ ԱԻՊԾ տնօրենն ասաց, որ մինչև վերջին բնակիչը չլքի գյուղը, փրկարարները պիտի մնան տեղում»,- ասաց Հմայակ Ասրյանը՝ նշելով, որ հրադադարից հետո դիրքերից իջած տղամարդիկ ու այն բնակիչներն, ովքեր եկել էին գյուղ, վերջնականապես դուրս են եկել սեպտեմբերի 24-ին:
Կարմիր շուկան վերջինը լքած Հմայակ Ասրյանն ու Օլեգ Գրիգորյանը ասում են, որ այս դժվարություններով հանդերձ, համայնքում զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, հակառակ այդ օրերին Ստեփանակերտում տարածված լուրերի՝ բոլորն անվնաս տարհանվել են։
Հունան Թադևոսյան