Ինչո՞ւ գալ ապրիլի 5-ի հանրահավաքին

Ինչո՞ւ գալ ապրիլի 5-ի հանրահավաքին

Շարժման մասին կամ ինչո՞ւ գալ ապրիլի 5-ի ցույցին

• Մի անգամ ազատագրված Բերձորում տեղացի ընկերս մեջբերեց իր հարժիսեցի պապի խոսքը՝ «գելը քայլելով ա կշտանում»։ Այո՛։ Կյանքը շարժում է, իսկ շարժումը կյանք է…
• Քոչվոր-անասնապահ-ծովային ժողովուրդները պատմականորեն ավելի հաղթական են եղել նստակյաց-հողագործ-ցամաքային ժողովուրդների հանդեպ, որովհետև անընդհատ շարժվել են, շարժման ընթացքում էներգիա է գեներացվել, դրանով կատարելագործվել են, նորից շարժվել ու շարժվել…
• Էլիտաները նույնպես գոյանում են շարժման և միմիայն շարժման ընթացքում։ Հիշե՛ք 2008 թ․-ից սկսյալ արևմտյան նեոգաղութատիրական ցանցի անթիվ-անհամար ցույցերը՝ Ժիրոյի քաղաքացիության ցույցից մինչև Թեղուտ, Թռչկան, Մաշտոցի պուրակ, Սյունիքի արոտավայրեր, 50 դրամ, օտարալեզու դպրոցներ, Փակ շուկա, Ափրիկյաններ «Էլեկտրիկ», ՊՊԾ… 

• Հաճախ այդ միջոցառումները լինում էին խիստ սակավամարդ, մեզնից շատերն էլ կողքից նայում էին և հարցնում՝ «յանի ի՞նչ»։ Յանի էն, որ այդ անվերջ շարժման շնորհիվ արևմուտքը կերտեց ալտերնատիվ հիերարխիկ համակարգով էլիտա՝ ավելի շարժուն ու երիտասարդ, որը նվաճեց ու քանդեց պետությունը։

• Բայց կան նաև լավ լուրեր․ ՀՀ ԱԺ ներկա գումարման երիտասարդ ընդդիմադիր պատգամավորները և իրենց արտախորհրդարանական ընկերները նույնպես շարժման ծնունդ են՝ 2020-2021 թթ․ ձմեռային շարժման ծնունդը։

• Ես և գործընկերներս հենց ա՛յս պատճառով ենք քննադատում 1991 թ․-ից և 1998 թ․-ից հայկական հողահավաքը որպես պետական նպատակ չընտրելը, քանզի դա լինելու էր նպատակ-հավերժական շարժում։ Եթե նպատակդ հավերժական շարժումը չէ, վախճանդ մահն է լինելու։ Այդ է պատճառը, որ Հայաստանի թշնամիներն ամեն կերպ թիրախավորել են հայոց շարժումը, և այդ է պատճառը, որ ներկա իշխանության պաշտպաններն ամեն կերպ թիրախավորում են ընդդիմության ցույցերը՝ որպես շարժում։

• Այո՛։ Կյանքը շարժում է, իսկ շարժումը կյանք է, այդ իսկ պատճառով՝ ապրիլի 5-ին ես մասնակցելու եմ գործող ընդդիմության հանրահավաքին՝ որպես հայկական շարժման եթե ոչ վերջնական, ապա ընթացիկ հանգրվան։

Քաղաքագետ Էդգար Էլբակյան