Ի՞նչ է կատարվում Պուշկինի անվան դպրոցում. քաղաքապետարանից ժխտում են, որ նոր տնօրեն կա (տեսանյութ)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ MediaHub-ն ահազանգ է ստացել Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ծնողներից, որ դպրոցի տնօրենի ԺՊ-ին՝ Նատալյա Ստեփանյանին ազատում են աշխատանքից, նրա տեղը նոր տնօրեն են բերում։
«Երեխաները լացում են, ծնողներն անհանգստացած են, գնում են երեխաներին վերցնեն դպրոցից, ապա բոյկոտեն և բողոքեն»,– մեզ հետ զրույցում նշել էր ծնողներից մեկը։
MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ, հասկանալու՝ տեղյա՞կ է, որ դպրոցում դասապրոցեսը կարծես խաթարվել է, և արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ տնօրենին հեռացնելու հարց է դրված:
«Այդպիսի բան, իհարկե, չկա, դպրոցում, երկար ժամանակ է, տնօրեն չկա, մրցույթային պրոցես է տեղի ունենում, դպրոցի ուսումնական գծով տեղակալներից մեկը տնօրենի պաշտոնակատարն է: Նա շարունակելու է առ այս պահը, այլ որոշում չկա, շարունակելու է պարտականությունները կատարել մինչ ընթացակարգով տնօրեն կընտրվի»,- նշեց Խաչատրյանը:
Հարցին, արդյո՞ք նոր տնօրեն է նշանակվել, պատասխանեց՝ ոչ։
Նաև փոխանցեց, որ ԺՊ-ն կարող է մյուս մրցույթին մասնակցել, որը տեղի կունենա ընթացակարգով։
Նշենք, որ մենք տեղեկացանք, որ երեկ տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, գործող տնօրեն Նատալյա Ստեփանյանը չի ընտրվել։
Մարիաննա Արամյան