Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին, ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում․ Մամուլը՝ սուրճով

Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին, ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» գրում է․ 

ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»:

Մեկը մյուսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահությունը, տեղ ունենալ հաջորդ ցուցակում։ Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստվերին չի վստահում` ձկան պես լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ հանկարծ գլխին «չսարքեն»։

Սակայն գիտակցում է նաեւ, որ լռությունն էլ չի երաշխավորում փրկությունը, քանի որ ամեն ինչ կառավարվում է ամենավերին օղակից, եւ ամենաաննշան թվացող միջադեպերը երբեմն այնքան են հատուկ ուռճացվում, որ ում նպատակահարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն եւ խելոք նստեցնեն իր տեղը։

 

«Հրապարակը» գրում է․ 

ՔՊ վարչության երեկվա նիստն անցել է բավականին բուռն, «գորգի վրա են հրավիրվել» ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն աջուձախ քննադատում է գործընկերներին, մեղադրում այս կամ այն օլիգարխի հետ կապերի, կոռուպցիոն գործարքների համար, եւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որի ընտանիքին պատկանող գազալցակայանում վերջերս սպանություն տեղի ունեցավ։ Պատմում են, որ վարչության անդամներն ուղղակի «հերձել» են Սարգսյանին, ասել, որ ով մի կարեւոր նախագիծ է ներկայացնում, հատուկ սեւեռվում ես այդ անձի վրա, հաստափոր պապկաներ կազմում նրա դեմ, երբեմն՝ չհիմնավորված տեղեկատվության հիման վրա, ու փորձում բոլորին հրապարակային մեղադրել տվյալ գործընթացից շահ հետապնդելու, կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ՝ մրոտելով գործընկերներիդ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին անտառահատումների հարցով իր զեկույցում կապել է փայտի բիզնեսի, Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ խաղային բիզնես ունեցող Վիգեն Բադալյանի շահերը պաշտպանելու հետ եւ այլն։

Հայկ Սարգսյանը որքան էլ փորձել է արդարանալ, թե այդ ամենն անում է թիմի համար, բացահայտում է կոռուպցիոն ու դատապարտելի կապերը, որ իրենք էլ չարժանանան նախկինների ճակատագրին, սակայն Նիկոլ Փաշինյանի եւ վարչության անդամների մեծամասնութան համար այդ հիմնավորումները համոզիչ չեն եղել, եւ հակընդդեմ մեղադրանքներ են հնչել, որ նա բոլորից շատ կասկածելի կապեր ունի քրեական հեղինակությունների եւ օլիգարխների հետ, եւ գիտեն, թե ինչ գումարներ է աշխատում` իր դիրքն օգտագործելով։ Փաշինյանը կոշտ ելույթ է ունեցել եւ ակնարկներ արել, որ իրավական գործընթացներ կհաջորդեն՝ պարզելու պատգամավորի եւ նրա ընտանիքի հետ կապված որոշ պատմությունների իսկությունը։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտնագործություն չէ, բայց արժե արձանագրել. հանրային ցանկացած ակտիվություն Փաշինյանն ու ՔՊ-ն ընկալում են որպես իրենց իշխանավարումն ընդհատելուն ուղղված քայլ, անգամ՝ դավադրություն: Ու կապ չունի, թե հանրային ակտիվության այս կամ այն դրսևորումը կոնկրետ ինչի հետ է կապված, դա պռոշյանցիների՞ բողոքն է՝ հանրային փոխադրամիջոցի հասանելիության հարցով, թե՞ «ոսկու շուկայի» աշխատողների՝ հարկային մամլիչի հարցով:

Կարճ ասած՝ իշխանությունն իրեն խայտառակ անվստահ է զգում ու ծայրահեղ ագրեսիվ է դրսևորվում: Ասվածի ցայտուն մեկ այլ օրինակ է քպական մեկ այլ կարկառունի ծնողի կողմից «Սրբազան պայքարի» երիտասարդների նկատմամբ արձանագրված ագրեսիվ ու նախահարձակ դրսևորումը: Իշխանություններն, իրոք, շատ ծանր են տանում նմանօրինակ շարժումները, հասարակական, հատկապես՝ երիտասարդների ակտիվությունը: Դե, այս դեպքում՝ առավել ևս: Մանավանդ, որ շարժումը նախաձեռնել է «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաք:

Այստեղից էլ փաշինյանականների ագրեսիան, քպականների ելույթներում հնչող պիտակավորումները, ամեն ինչի ետևում իրենց դեմ ուղղված դավադրություններ տեսնելը:

Պարադոքսալ կարող է թվալ, բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց սատելիտվողների ագրեսիան օրինաչափ է: Առհասարակ, հանրային աջակցության պաշար ունեցող, ինչպես ասվում է՝ իր ուժերի վրա վստահ որևէ իշխանություն իրեն նման կերպ չէր դրսևորի: Այնպես որ, իշխանության հիստերիան մատնում է այն, որ իրենք էլ հրաշալի տեսնում են իրենց խախուտ վիճակը: Նաև այն, որ «Սրբազան պայքարի» երիտասարդների քայլերը վստահաբար ճիշտ ուղղության վրա են...

 

«Հրապարակը» գրում է․  

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։

Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին եւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի եւ պարգեւավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաեւ բարձրաստիճան պաշտոնյա։ Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ոչ մեկին չեն խնայում։

Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին եւ խախտում թույլ տված դատավորներին։