Արմավիրի մարզի բնակիչը կալանավորվել է՝ կնոջ ծնողների սպանության մեղադրանքով

Արմավիրի մարզի բնակիչը կալանավորվել է՝ կնոջ ծնողների սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ էր արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ եղբայրն ու մայրը տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44-ամյա տղամարդու կնոջ մայրը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: