Միրոնովը հույս է հայտնել, որ կլուծվեն հայերի անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ ՌԴ-ն․ Սաղաթելյան

Միրոնովը հույս է հայտնել, որ կլուծվեն հայերի անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ ՌԴ-ն․ Սաղաթելյան

«Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

«ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 14-ին հանդիպել ենք «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։

Իր խոսքում Սերգեյ Միրոնովը նախ հիշատակել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշարտության» և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների համագործակցությունը` 2007 թ. ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում:

Արմեն Ռուստամյանի հետ անդրադարձել ենք Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնալում է ավելի ակտիվ գործողություններ։

Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը»,- գրել է նա։