Շոուներով զբաղեցնում են, Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. Մամուլը՝ սուրճով

Շոուներով զբաղեցնում են, Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի  եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:

Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրերը, կարծես թե, հաշված են. նա հավանաբար «ՍՄՍ կստանա»: Շիրակի մարզպետի զղջումներն անգամ իրավիճակը չփրկեցին:

Նիկոլ Փաշինյանին երեկ Կառավարության նիստի ժամանակ կրկին հունից հանեց այն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում՝ դպրոցում դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով:

Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթերին, ու զբոսնելիս մարդիկ ստիպված են քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի շարված են մայթերին:

Նիկոլ Փաշինյանը դժգոհեց տեսչական մարմինների աշխատանքից ու տեսչական մարմիններին հորդորեց հատ-հատ ստուգել այդ խնդիրները:

Հաշվի առնելով, որ Կառավարության նախորդ նիստին նրա դժգոհություններին հաջորդեցին պաշտոնանկությունները, ապա թերևս երեկվա նիստից հետո կշարունակվեն «մաքրումները»»:

 

«Հրապարակը» գրում է․ Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում: Պաշտոնյաներին` առանց  բացատրության աշխատանքից ազատել, ԲԴԽ նախագահին ազատել եւ ստիպել, որ դատավորներից յուրաքանչյուրը մտածի` հաջորդն ինքն է, մի քանի «կռուգ» պտտեցնել Ռոբերտ Քոչարյանի գործը: Երեկ Մարտի 1-ի «վերաբացված» գործով հերթական նիստն էր:

Դատավորը 2018-ին «Իմ քայլի» նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանն է: Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ գործ է քննվում, մեղադրողը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։