Իմ անվան հիշատակումն ընդամենը հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում․ Վանեցյան

Իմ անվան հիշատակումն ընդամենը հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ոչ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ոչ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը: Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել:

Իսկ իմ անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում: Հորդորում եմ այդ փաստին վերաբերվել հումորով:

Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում): 

Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ.-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: 

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: 

Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: 

Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերությանը: 

Այնուհետև, հանցավոր ծագում ունեցող վերոնշյալ ֆինանսական միջոցների հաշվին, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ընկերության միջոցով, ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: 

2018 թվականին Մ.Մ.-ն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով Կ.Վ.-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ տվյալ գույքը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ: 

Արդյունքում՝ Կ.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: 

Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը: 

Նախաքննության ընթացքում Կ.Վ.-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել: 

Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: