Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանից Արցախ ավտոերթը

Ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանից Արցախ ավտոերթը

Այսօր վաղ առավոտյան մի խումբ քաղաքացիներ ավտոերթով մեկնել են դեպի թշնամու կողմից արդեն 15 օր ապօրինաբար փակված Լաչինի միջանցք։ Այս երևույթն, ըստ Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի, հակասական տրամադրություններ է ստեղծում։

MediaHub-ի հետ զրույցում նա ասաց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը կազմակերպված կերպով ցեղասպան քաղաքականություն է վարում, դրան պետք է կազմակերպված ձևով արձագանք տրվի, և երեկվա հանրահավաքը հենց այդ կազմակերպված արձագանքի արտացոլումն է։

«Եվ հիմա պետք է հասկանալ, թե երեկվա հանրահավաքից հետո նման լոկալ ակցիաներն ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Դրանք ի՞նչ նպատակ ունեն, արդյո՞ք պղտոր ջրում ձուկ որսալու փորձ չի արվում»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ եթե ավտոերթի անդամներին, իրենց իսկ անվտանգությունից ելնելով, թույլ չեն տալիս անցնել հայկական անցակետով, կստացվի, որ հիմա էլ իրենք են փակում ճանապարհը։

«Եթե հայկական կողմը թույլ տա ու ռուսական կողմը թույլ չտա անցնել՝ պատճառաբանելով, որ ճանապարհին ադրբեջանցիներ կան, ուստի անվտանգ չէ այդ հատվածն անցնելը, այդ դեպքում ի՞նչ կստացվի․ ճանապարհը ռուսնե՞րն են փակում։ Լավ, ենթադրենք ռուսներն էլ թույլ տվեցին, այդ ավտոեթրի անդամները պատրաստվում են գալ ու ադրբեջանցիների միջով անցնել դեպի Արցա՞խ։ Բա ադրբեջանցիներն իրենք էլ են ասում, որ ճանապարհը բաց է, ուղղակի պետք է իրենց միջով անցնել։ Այսինքն՝ մենք ի՞նչ հարց ենք լուծում դրանով։ Եվ դա կդառնա նախադեպ, որ եթե մեկ մեքենա կարող է անցնել ադրբեջանցիների միջով, ապա ստացվում է, որ այդ «ցուցարարները» ոչնչով էլ չեն խանգարում»,- ասաց Հակոբյանը։

Նա նկատեց, որ ավտոերթի մասնակիցները, եթե անցնեն ադրբեջանցիների միջով, գան Արցախ ու հետ դանռնան Հայաստան, ապա կստացվի՝ մենք համակերպվում ենք, որ ճանապարհը ադրբեջանցիներով լցված լինի։

«Արդյո՞ք դա մեզ օգուտ է տալիս։ Դրա համար, կարծում եմ, ամեն գործողություն անելուց առաջ պետք է դիտարկենք, թե ինչ ռիսկեր ու վտանգներ կան»,- նշեց նա։

 

Նարե Գնունի