Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել է

«Հրապարակ»-ը գրում է․
«Հրապարակ»-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը Սյունիքր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակել է։
Երկու օր է` մենք փորձում ենք կապ հաստատել Բախշիյանի փաստաբանների հետ, սակայն նրանք ոչ հաղորդագրություններին, ոչ նամակներին չեն պատասխանում։
Ի վերջո, կարողացանք կապ հաստատել Բախշիյանի հետ, տեղեկության վերաբերյալ փոխանցեց. «Նույն հոդվածի 3-րդ մասից 2-րդ մաս են վերաորակել։ Ավել բան եկեք չասեմ, ամեն ինչ դուք հրապարակային կտեսնեք, երբ մտավ հրապարակային դաշտ»։
Հարցին, թե գործում վերաորակումը ինչպիսի՞ փոփոխություն է առաջացնում, դատավորն ասաց. «Իրավական առումով ինձ համար զրո նշանակություն ունի, որովհետեւ որեւէ խելամիտ բան չկա գործում»։
Դատավորը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել` հորդորելով կրկին փորձել կապի դուրս գալ իր փաստաբանների հետ։
Հիշեցնենք` Բորիս Բախշիյանին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը) 3-րդ մասով։
Իսկ 348֊րդ հոդվածի 2֊րդ մասով սահմանվում է` ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: