Փաշինյանը, ասելով, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պետք չէ, հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն տարածքներ է կորցնում

Փաշինյանը, ասելով, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պետք չէ, հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն տարածքներ է կորցնում

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական հարաբերությունների մասով մի քանի հայտարարությամբ հանդես եկավ։ Նախ նշեց․ «Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք, կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում»։

Լավրովը շեշտեց նաև, որ Հայաստանի տնտեսության 35%-ը կապված է ԵԱՏՄ-ի հետ, և Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի ճիշտ նույն ձայնը, ինչ Ռուսաստանը։ Իսկ ՀԱՊԿ-ի մասով Լավրովը նշեց, որ նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ն պետք է նշի պատասխանատվության տարածք, նախ պետք է որոշակիացնել Հայաստանի սահմանը և ավարտին հասցնել սահմանազատումը։

Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, և Հայաստանը թե՛ ռազմական, թե՛ առևտրային շուկայի այլընտրանք է փորձում գտնել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«Եթե խոսենք վերլուծականի համաձայն, ապա ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 13-ից 36%-ով՝ արդյունաբերության ոլորտում արտադրանքի աճի հաշվին։ Այսինքն՝ եթե արդյունաբերական ոլորտն աճում է, նշանակում է, որ բարեկեցությունն էլ է աճում։ 26%-ն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ-ի բոլոր երկրների շարքում։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ի տնտեսական նպատակահարմարությունն ապացուցվում է թե՛ արդյունաբերական աճի, թե՛ ապրանքաշրջանառության ծավալների թվերով, որոնք նույնպես աճել են մոտ 14%-ով։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ կան բավականին հստակ ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս ԵԱՏՄ-ի արդյունավետությունը Հայաստանի համար»,- ասաց Սապրկան։

Ռուս քաղաքագետը նշեց,որ ՀԱՊԿ–ը կարևորագույն կազմակերպությունն է, որն ապահովում է անվտանգությունը գրեթե ողջ հետխորհրդային տարածքում։ Այսինքն՝ ՀԱՊԿ առաքելությունը, իհարկե, գործընկեր երկրների շահերի պաշտպանությունն է։ Եվ, իհարկե, այս երկու ինտեգրացիոն միավորումները պետք է ընկալել անհրաժեշտ երկու երկրների զարգացման համար։

ՀՀ իշխանությունները լարված են պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ՔՊ պատգամավորները խոսում են նրանից, որ հնարավոր է ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք կմնա ԵԱՏՄ-ում, Սապրիկան նշեց․ «ՀԱՊԿ-ից դուրս գալը, իհարկե, կբարդացնի մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, քանի որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը ունեն ազգային շահեր, որոնք կենտրոնացած են ոչ միայն տնտեսական իրավիճակի վրա։ Մենք պետք է հասկանանք, որ այն ընտրությունը, որ անում է Փաշինյանը՝ ասելով, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին պետք չէ, հանգեցնում է նրան, որ Հայաստանը տարածքներ է կորցնում»։

Ըստ նրա՝ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին ձեռնտու լինի Հայաստանի Հանրապետությանը և հայ բնակչությանը, այլ ոչ թե արևմտյան գործընկերներին, որոնք նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունը մղել հակամարտության, իսկ ապագայում՝ տնտեսական անկայունության։ 

«Հիմա պարզվում է, որ մենք ունենք աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանին դրդում են սրելու Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ Այսինքն՝ Արևմուտքը պահանջում է նման գործողություններ, որոնք ապագայում շատ մեծ տնտեսական խնդիրներ կառաջացնեն Հայաստանի բնակչությանը»,- ասաց Սապրիկան։

Լավրովը, անդրադառնալով նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազին, ասել է, որ «Գազպրոմ Արմենիան» գազ է մատակարարում 1000 խմ համար 170 դոլարով, և Երևանը չի կարողանա այլընտրանք գտնել դրան: 

Սակայն, եթե հայ-ռուսական հարաբերությունները մնան լարված, կարո՞ղ է արդյոք ՌԴ-ն թանկացնել գազը։ Ըստ ռուս քաղաքագետի՝ սա օբյեկտիվ իրավիճակ է։

«Երբ խոսում ենք դաշնակից երկրների մասին, երբ խոսում ենք տնտեսական միությունների մասին, հասկանալի է, որ դաշնակցային գնային քաղաքականություն ունենք, որը մեր դաշնակիցների համար է։ Այսինքն՝ խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է։ Եթե Հայաստանն իրեն դաշնակից չի համարում, դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու դադարում է շարունակել այդ քաղաքականությունը, որը մեծ մասամբ հակառուսական է, ապա, բնականաբար, գազի գինը կվերանայվի»,- եզրափակեց ռուս քաղաքագետը

Մարիաննա Արամյան