Կանայք լիցքավորել են պահեստատուփերը, օգնել կռվող տղերքին․ Լիանայի ապրած պատերազմն ու Մարտունու կորուստը

Կանայք լիցքավորել են պահեստատուփերը, օգնել կռվող տղերքին․ Լիանայի ապրած պատերազմն ու Մարտունու կորուստը

Մարտունեցիները հաճախ են ասում, որ թշնամու աչքը միշտ եղել է իրենց քաղաքի ու շրջանի վրա։ Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ադրբեջանցիների թիրախում եղել է Մարտունին։ 

Արցախի արևելյան դարպասում թշնամուն ամենաշատ կորուստներն են պատճառվել։ MediaHub-ի զրուցակիցը երկարամյա զինվորականի կին է։ Լիանա Սարգսյանը պատմում է, որ սեպտեմբերյան վերջին պատերազմում էլ Մարտունին վերջինն է դրել զենքը, իսկ Ադրբեջանին պատճառված կորուստներն անհաշվելի էին։ 

«Որովհետև մեզ համար հայրենիքի պաշտպանությունն արժեք էր և մեզանից կախված ամեն բան արեցինք, որ ելքն այսպիսին չլիներ, որ Արցախը չկորցնենք։ Թշնամին էլ, տեսնելով մեր տղաների տրամադրվածությունը, սեպտեմբերի 20-ին զինադադարից մեկ ժամ առաջ իր զինանոցի ողջ եղածը կիրառել է Մարտունու վրա։ Մի վայրկյանով չէր դադարում հրետակոծության ձայնը, կյանքը տեղափոխվել էր ապաստարան, բոլորը հուսահատ վիճակում էին, դիրքերից նորություն չկար. Արցախը միայնակ կռիվ էր տալիս անհավասար մարտում»,- ասում է Լիանան։

Մարտունիում իրավիճակն օրհասական էր դարձել։ Դա էր պատճառը, որ Լիանան իր որդու՝ 14-ամյա Սամվելի հետ հայկական զորքին օգնելու նպատակով մի ամբողջ գիշեր լիցքավորել են ինքնաձիգերի պահեստատուփերը։ Լիանային միացել են ևս 2 կին։ Մարտունեցի ազատամարտիկներից Ռոբիկը պատմում է, որ երբ մտել է նկուղ զենքերը տանելու, տեսել է, թե ինչպես է Լիանան կազմակերպում այդ աշխատանքը։ 

Լիանա Աբրահամյանը համեստորեն լռում է, իր մասին խոսել չի սիրում։ «Արել ենք, որովհետև անհրաժեշտ էր, տղերքին օգնություն էր պետք, հո ֆեյսբուքյան գրառումներով չենք սիրելու մեր հայրենիքը»,- ասում է նա, ավելացնում, որ այդ ժամանակ իր համար տարբերություն չկար, թե ինչ գործ է անում, կարևորն օգուտ տար, Մարտունին պաշտպանվեր։ 

Լիանայի ամուսնուն՝ Սամվել Աբրահամյանին, Արցախում բոլորը գիտեն։ «Ցավ» մականունով զինվորականը 88-ի շարժումից ի վեր ծառայել է տարբեր զորամիավորումներում։ Իսկ վերջին տարիներին ղեկավարել է աշխարազոր ուժերը։ 

«Անգամ Ցվետանա Պասկալևան իր «Նվիրյալները» շարքում մի քանի անգամ փորձել է նկարել ամուսնուս, բայց ինքը մերժել է, ասելով՝ «ինչ մի պատմելու բան է»: Ավելի շատ նա իր ընկերների սխրանքներն է ներկայացրել, չնայած, որ առաջին պատերազմի ժամանակ ականի պայթյունից վիրավորում էր ստացել, անդամահատվել։ Առողջական վիճակը մի կողմ դրած նա շարունակում էր ծառայել։ Սեպտեմբերյան մարտերից առաջ հերթափոխի օրը տուն եկավ, ուզում էր լողանալ։ Էլեկտրաէներգիայի հովհարային գրաֆիկով պայմանավորված ուզում էր րոպե առաջ հասցնել, քանի որ անջատելուն կես ժամ էր մնացել, բաղնիքում ոտքը սայթաքեց, ընկավ, մեջքի հատվածում կոտրվածք ստացավ»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Բժիշկները Ցավին խորհուրդ են տվել 3 ամիս անշարժ վիճակում մնալ, որ կազդուրվի։ Եվ նա հայտնվում է անկողնային հիվանդի կարգավիճակում։ Այդ ընթացքում նրան տեսակցելու են գալիս իր ընկերներն ու մտերիմները։ Լիանայի խոսքով՝ օրվա մեջ տասնյակներով են եկել-գնացել։ Չնայած բլոկադա էր, հյուրասիրել է այգու բարիքներից։ 

«Ինքն իր աշխատանքը կատարում էր տնից․ հրամաններ էր տալիս, զեկույցներ ընդունում, կարգադրում, մի խոսքով՝ հասցնում էր։ Սեպտեմբերի 18-ին բժիշկները խորհուրդ են տվել օրվա մեջ 15 րոպե քայլել։ Ուրախացա, որ թեկուզ իմ օգնությամբ կամ ձեռնափայտով ման կգա։ Բայց, հաջորդ օրը ձայնային հաղորդագրություն ստացավ․ «Իրավիճակը կտրուկ լարվել է, խոշոր տրամաչափի զրահատեխնիկաների «ստվոլները» մեր ուղղությամբ են, հնարավոր է, կռիվ սկսվի հաշված րոպեների ընթացքում»։ Մինչ այդ էլ լարված էր, բայց այդ օրը քողարկված զրահատեխնիկան բացվել էր։ Այդ հաղորդագրությունը ես էլ լսեցի, տղաս էլ։ Նա այդ օրը դպրոց չէր գնացել։ Անհանգստացանք։ Տուն մարդ եկավ։ Ես սեղան դրեցի, ամեն ինչ արդեն պատրաստ էր, երբ սկսվեց պատերազմը»։ 

Շենքի բնակիչները տեղափոխվում են նկուղ։ Մեր զրուցակիցն ասում է, որ այդ ձայները երբեք չի մոռանա։ «Մեկի երեխան դպրոցում էր, մյուսինը՝ մանկապարտեզում, մեկը դիրքերում գտնվող ամուսնուց էր ուզում տեղեկանալ, մյուսն իրենից հեռու հարազատից, քաոս էր։ Ցավն ասաց՝ «իջեք նկուղ, ես կմնամ տանը», բայց ո՛չ որդիս գնաց, ո՛չ էլ՝ ես։ Մեր տնից տաք հագուստ, դեղորայք ու ջուր եմ իջեցրել նկուղ, նորից բարձրացել տուն։ Գնալով իրավիճակը վատանում էր։ Բոլորին հուսադրում էի՝ «հանձնվել չկա», բայց ես էլ դրա կարիքն ունեի»,- պատմում է արցախցի կինը։

Իրավիճակով պայմանավորված Սամվել Աբրահամյանը որոշում է իջնել շտաբ։ Լիանան ու որդին էլ միանում են նրան, ու այդտեղից էլ սկսվում է կնոջ պատմությունը։ Այնտեղ սկսում է կազմակերպել թիկունքային կարևորագույն աշխատանքները։ Ժամանակ առ ժամանակ տղաները դիրքերից իջնում ու բարձրացնում են անհրաժեշտ քանակի զենք-զինամթերք։ Անելիք շատ կար։

«Բացում էինք «պատրոնների ցինկերը», դրանք լիցքավորում, պահեստատուփի մեջ պատրաստ պահում։ Մեզ միացավ Սամվելի ընկեր Արտիկի որդին՝ Սերգեյը, Մելիքի կինը՝ Մելինեն, հետո Սարինեն եկավ, նա գնում էր իր երեխայի հետևից, բայց քանի որ քաղաքը հրետակոծվում էր, եկել էր մեզ մոտ ու միացել մեր աշխատանքին։ Մինչ մենք այդ գործն էինք անում, սպիտակաշենցի մի տղամարդ՝ Կարո անունով, մտավ մեզ մոտ. նա ճերմակ մազերով էր, մի ձեռքն անդամահատված, ասաց՝ «զենք տվեք ինձ, գնում եմ դիրքեր»։ Ասացինք՝ «չես կարող», ինքն էլ պնդեց, թե կարող է, «որդիս դիրքերում է, ես այստեղ հանգիստ նստել չեմ կարող»։ Դրանից հետո միշտ ասում եմ, որ եթե բոլորս մի քիչ Կարո լինեինք, հայրենիքը կապրեր»,- ասում է նա։ 

Լիանան ևս վախեր ուներ, բայց փորձում էր դա քողարկել, ուժ տալ բոլորին։ Հաջողում էր այնքան ժամանակ, մինչև լսում էր նոր զոհերի մասին, միայն զոհերն էին թևաթափ անում կնոջը։ 

«Ռացիան իմ մոտ էր, ու ես լսում էի ամեն ինչ։ Դե կին եմ, մայր եմ, վատանում եմ զոհերի մասին լուրեր լսելուց։ Նույնիսկ մի անգամ տղաներից մեկի ձայնը լսեցի, ասում էր՝ «թուրքերը մտել են խրամատ, իրավիճակը վատ է»։ Շրջվեցի, ինչքան տղամարդ կար այնտեղ, գոռալով ասացի՝ «ի՞նչ եք նստել, գնացեք, տղերքը բոլորիս կարիքն ունեն»։ Բոլորը զարմացած ինձ էին նայում, որ ես այդ տոնով եմ խոսել»,- հիշում է Լիանան։ 

Զորքին օգնելուց բացի զինանոցում հավաքված անձնակազմի համար կինը հոգացել է նաև սնունդի հարցը․ ««Բեսպիլոտնիկը» օդում, գրադների հրետակոծության ուղեկցությամբ, քանի որ մեքենա չկար, մեր Վարդանի հետ նստեցինք իր «կվադրացիկլը» ու գնացինք մեր տուն հաց բերելու. պատերազմը՝ պատերազմ, բայց պիտի սնվենք, որ դիմանանք։ Վարդանն արագ էր քշում, դրա համար մազերս քամուց ծածկել էին դեմքս, այդ նեղ պահին ուզում էի մազերս ուղղել, իսկ Վարդանն առիթը բաց չթողեց կատակելու, թե՝ «Լիանա, ուզո՞ւմ ես կամաց քշեմ, որ «պրիչոսկադ» չքանդվի». դա պատերազմի ժամանակ միակ ժպտալու պահն էր։ Շատ ծիծաղեցինք»։ 

Լիանայի ու մյուս կանանց համար սեպտեմբերի 19-ից 20-ն իսկական մղձավանջ էր. «Բոլորի հետ մեռնում էինք, բոլորի հետ ցավ ապրում, իրար օգնում, որ մեղմացնենք վիշտը։ Անկախ իրավիճակից դուրս էի գալիս զինանոցից, վերև նայում, որ տեսնեմ, թե որ ուղղությամբ է պտտվում անօդաչու սարքը։ Լսեցի հերթական շտապ օգնության ձայնը։ Կանգնել ասում եմ՝ «տեր Աստված, գոնե զոհեր չլինեն»։ Տղաս ու Սերգեյը գնացին հիվանդանոց, որ լուր բերեն, եկան ասացին՝ «Սարինեի եղբորն են բերել, վիրավոր էր», իսկ քույրը շարունակում էր ավտոմատները լիցքավորել»…

Լիանան որդու հետ շտաբի զինանոցից դուրս է եկել միայն վարչակազմի ղեկավարի հորդորով։

Քանի որ չորսբոլորը հրետակոծվում էր, անվտանգության նկատառումներով հանձնարարել է գնալ։ 
«Գնացինք շենքի նկուղ։ Մի կին մոտեցավ, թե «Լիանա, դու դրսից ես գալիս, մի բան ասա, ի՞նչ վիճակ է, չկարողացա նրան ասել, որ ամուսինդ զոհվել է»։ 

Զինադադարից հետո մեկ շաբաթ Մարտունին եղել է պաշարման մեջ։ Լիանան այդ օրերին մաքրում էր տները, հրետակոծության փոշուց ազատում իր շենքի բակն ու փողոցը, որովհետև մտածել է, որ գաղթ ամեն դեպքում չի լինելու։ Սակայն, արցախա-ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո ինքն էլ տեղափոխվել է Հայաստան, բայց հավատը չի կորցնում, որ մի օր վերադառնալու է…

Հունան Թադևոսյան