Ցորի զորամասի գործով ամբաստանյալը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց

Ցորի զորամասի աղմկահարույց գործով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, «Ցորի» վերաբերյալ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում անփոփոխ թողել Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը քիչ առաջ մերժվել է. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։