Արտակարգ դեպք Արարատի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել է դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: