Սրբազանը սրբազանին չի դիմավորել, Իշխանությունները արմատավորվում են խնամի-ծանոթ-բարեկամ թեզի շրջանակում. Մամուլը՝ սուրճով

Սրբազանը սրբազանին չի դիմավորել, Իշխանությունները արմատավորվում են խնամի-ծանոթ-բարեկամ թեզի շրջանակում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսեւորումներով։

Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացանք հետեւյալ պատասխանը. «Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հստակ հարցերով, թե որոնք են փոխնախարար Նանուշյանի որդու՝ Սերգեյ Մխիթարյանի՝ զինվորական ծառայության չանցնելու հիմնական պատճառները, եւ պահանջել էինք տալ հստակ հիմնավորում՝ զինծառայությունից ազատվելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժեց պատասխան պահանջող մեր հարցումը՝ պատասխանները դարձյալ հիմնավորելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների հղմամբ։

Ստացվում է, որ իշխանությունը ներկայիս պաշտոնյաների համար հնարավորություն է՝ սեփական երեխաների շահերն առաջ տանելու. իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ողջ կոկորդով պայքարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ էլի մյուս պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մերժելի երեւույթի դեմ, ու այդ ընթացքում որեւէ պաշտոնյա չէր խոսում անձնական տվյալների պաշտպանությունից»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել եւ ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական եւ Բյուրական: Թե ինչու Ապարան եւ Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։

Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին եւ այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերեւս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից։

«Փաստ» օրաթերթը գրել է. Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ: Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:

Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին: