Ավինյանը քիչ-քիչ հարմարվում է քաղաքապետի աթոռին

Ավինյանը քիչ-քիչ հարմարվում է քաղաքապետի աթոռին

Երևանի քաղաքապետարանում մեկ շաբաթ դադարից հետո գործակարգավարական խորհրդակցություն է անցկացվում։ Այն, սովորաբար, վարում է Երևանի քաղաքապետը։ 

Նախորդ շաբաթ նիստ չգումարվեց, քանի որ դրան նախորդող ուրբաթ օրը գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, որ քաղաքապետի ԺՊ է նշանակվել քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, բայց և այնպես, նպատակահարմար չհամարվեց գործակարգավարական նիստ անցկացնելը։ Եվ, թվում էր, թե այսօր անցկացվող նիստը պետք է վարի հենց Հովհաննիսյանը։ Բայց, ինչպես ասացինք, թվում էր։

Նիստի մեկնարկին Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ աշխատանքի բաշխում են արել։

«Տեղեկացնեմ, որ Երևանի փոխքաղաքապետներ պարոն Մաչյանի, պարոն Գրիգորյանի և Հովհաննիսյանի հետ որոշակի աշխատանքի բաշխում ենք արել, և գործակարգավարական նիստերը կվարեմ ես»,- ասաց Ավինյանը։

Նա նկատեց՝ փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ծրագրային հարցերով է զբաղվելու, մասնավորապես, «Մայլբրի» համակարգով աշխատանքների կարգավորմամբ։ 

«Եվս մեկ նորամուծություն ենք ունենալու՝ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու։ Դրանով զբաղվելու է պարոն Սուրեն Գրիգորյանը»,- տեղեկացրեց Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Հրաչյա Սարգսյանին պաշտոնից հեռացնելու հիմնական պատճառը նրա բարձրացող վարկանիշն էր, և ՔՊ-ի ներսում մտահոգություն էր առաջացել, թե հնարավոր է՝ ընտրությունների ժամանակ նա Ավինյանի դեմ դուրս գար ու հաղթեր նրան։

Նարե Գնունի