Քրոնիկ հազ. ի՞նչ անել, երբ հազը դարձել է մշտական

Քրոնիկ հազ. ի՞նչ անել, երբ հազը դարձել է մշտական

Քրոնիկ հազը 2 շաբաթ և ավելի տևող հազն է, երբ ռադիոլոգիական հետազոտությամբ շնչառական ուղիներում հազ առաջացոնղ որևէ խնդիր չի հայտնաբերվել:

Այդ դեպքում ինչի՞ց կարող է առաջանալ հազը. հիմնական պատճառները 4-ն են.

Հետնազալ շրջանի լորձաթաղանթի բորբոքային ռեակցիաներ

Բրոնխիալ ասթմա

Ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս

Զարկերակային հիպերտենզիայի դեպքում օգտագործվող դեղեր

Սակայն հազ կարող են առաջացնել նաև ուրիշ գործոններ, այդ թվում վիտամինների և միներալների պակասը: Քրոնիկ հազ կարող է առաջանալ վիտամիններ D-ի և B-12-ի պակասից:

Հետևյալ պատճառները՝ առանձին կամ համակցված, պատասխանատու են քրոնիկ հազի դեպքերի մեծ մասի համար:

Հետքթային հոսք (հետքթային համախտանիշ). երբ ձեր քիթը կամ հարքթային ծոցերը (սինուսները) արտադրում են ավելցուկային լորձ, այն կարող է հոսել ձեր կոկորդի հետևի մասում և խթանել ձեր հազի ռեֆլեքսը: Այս վիճակը նաև կոչվում է վերին շնչուղիների հազի համախտանիշ (ՎԾՀՀ, UACS):

Ասթմա. ասթմայի հետ կապված հազը կարող է առաջանալ և անհետանալ կախված տարվա եղանակից, ի հայտ գալ վերին շնչուղիների վարակից հետո կամ վատթարանալ, երբ ենթարկվում եք սառը օդի կամ որոշակի քիմիական նյութերի կամ բուրմունքների ազդեցությանը: Ասթմայի մի տեսակի ժամանակ (ասթմայի հազային տարբերակ) հազը հիմնական ախտանիշն է:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ). այս տարածված հիվանդության ժամանակ ստամոքսի թթուն ետ է հոսում ձեր ստամոքսն ու կոկորդը միացնող խողովակի մեջ (կերակրափող): Վերջինիս մշտական գրգռվածությունը կարող է հանգեցնել քրոնիկ հազի: Հազն, իր հերթին, վատթարացնում է ԳԷՌՀ–ը՝ առաջացնելով արատավոր օղակ:

Վարակներ. հազը կարող է երկար մնալ թոքաբորբի, գրիպի, մրսածության կամ վերին շնչուղիների այլ վարակների մյուս ախտանիշների անհետացումից հետո: Չափահասների շրջանում քրոնիկ հազի տարածված, սակայն թերագնահատված պատճառներից է նաև կապույտ հազը (պերտուսիս): Քրոնիկ հազը նաև կարող է լինել թոքերի սնկիկային վարակների, տուբերկուլոզային վարակի կամ ոչ տուբերկուլոզային միկոբակտերիալ օրգանիզմներով թոքերի վարակի դեպքում:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ). ԹՔՕՀ-ը՝ քրոնիկ բորբոքային թոքային հիվանդությունը, որն առաջացնում է թոքերից օդի արտահոսքի խանգարում, ներառում է քրոնիկ բրոնխիտը և էմֆիզեման։ Քրոնիկ բրոնխիտը կարող է առաջացնել հազ, որն ուղեկցվում է գունավոր խորխով: Էմֆիզեման առաջացնում է հևոց և վնասում է թոքերի օդաբշտիկները (ալվեոլներ): ԹՔՕՀ ունեցող մարդկանց մեծ մասը ներկա կամ նախկին ծխողներ են:

Արյան ճնշման դեղեր. հայտնի է, որ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչները, որոնք սովորաբար նշանակվում են բարձր արյան ճնշման և սրտային անբավարարության դեպքում, որոշ մարդկանց մոտ քրոնիկ հազ են առաջացնում:

Ներկայում կամ նախկին ծխող լինելը քրոնիկ հազի ռիսկի գլխավոր գործոններից մեկն է: Երկրորդային (պասիվ) ծխի հաճախակի ազդեցությունը նույնպես կարող է հանգեցնել հազի և թոքերի վնասման:

Կան որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել քրոնիկ հազի հանգեցնո հիվանդությունների կանխարգելմանը:

Մի՛ ծխեք կամ դադարեցրեք ծխելը, եթե ծխող եք. քրոնիկ հազի ամենահաճախ հանդիպող պատճառը ծխելն է։ Հեռու մնացեք նաև ծխով լի միջավայրերից:

Խուսափեք շնչառական վարակներից. փորձեք անմիջական շփում չունենալ վերին շնչուղիների վարակների ախտանիշներով մարդկանց հետ, հատկապես, եթե նրանք ջերմում են, ունեն հազ կամ հաճախակի փռշտում են: Հակառակ դեպքում, եթե խնամում եք ջերմող հարազատին, կրեք կանխարգելիչ շնչադիմակ և պահեք ֆիզիկական հեռավորություն (1,5-2 մետր)` չմոռանալով ձեռքերն օճառով հաճախակի լվանալու մասին։

Առողջացրեք ձեր սննդակարգը. հետազոտությունները վկայում են, որ բջջանքի և մրգերում առկա ֆլավոնոիդների զուգակցումը կարող է կանխարգելել քրոնիկ հազը:

Հետևեք ձեր առողջությանը. բաց մի թողեք ձեր բժշկական այցերը, հետևեք ձեր բժշկի խորհուրդներին՝ ուղղված ձեր առողջական վիճակի բարելավմանը և վերահսկեք առկա առողջական խնդիրները: