«Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը

«Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը

Իննայի ականջի մեջ շարունակ հնչում է որդու՝ Մարատի խոսքերը․ «Մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ 

Մարատ Գևորգյանն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախի դեմ։ Դա վերջին ու ճակատագրական կռիվն էր, որ տվեցին բանակը, աշխարհազորն ու պաշարման մեջ հայտնված ժողովուրդը։

«Ու չնայած նորակոչիկ էր, իրենց էլ «ՑՕՐ» զորամասից տեղափոխեցին դիրքեր։ Հրետակոծությունը չէր դադարում, իսկ ես շարունակ աղոթում էի Մարատի ու մեր անմեղ երեխաների համար։ Պատերազմն ավարտվեց հաջորդ օրը, լուր հասավ, որ Մարատը ողջ է։ Այդքան ցավի ու տառապանքի, զոհերի, վիրավորների, ներքին տեղահանվածների ու անգամ Արցախը հայաթափելու ֆոնին, դա իմ ստացած ամենացանկալի լուրն էր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իննան։ 

Որդու մասին խոսելիս մայրն անընդհատ հեկեկում է, անցյալով չի խոսում։ Տղան միշտ ներկա է։ Իննայի 4 երեխաներից Մարատը 3-րդն է։

«Ցանկացած հարցով ես միշտ խորհրդակցում էի Մարատի հետ։ Չնայած 18 տարեկան էր, ծանրակշիռ խոսք ու միտք ուներ»։

Սեպտեմբերի 23-ին Մարատը տուն է հասել։ Արթուրի և Իննայի ընտանիքը մյուս հայրենակիցների պես հավաքել է անհրաժեշտ իրերը, որ ճանապարհի խցանումները փոքր ինչ թեթևանա, իրենք էլ ճանապարհվեն։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին Մարատն իր մորաքրոջ որդու՝ Գարիկի և ընկերների հետ քաղաքում էր, հետո միացել են վառելիքի պակասից խուճապի մեջ հայտնված մարդկանց հոսքին ու հասել Հայկազով։ 

«Ես նույնիսկ չգիտեի, որ Մարատը Հայկազովում է։ Երեկոյան, երբ ասացին՝ պայթյուն է եղել, սկսեցինք անհանգստանալ։ Այդ ժամանակ կապի խնդիր կար, բայց Մարատը զանգեց․ «մամա, պայթյուն է եղել, բոլորը վառվել են, ես այրվածքներ եմ ստացել․․․» ու կապն ընդհատվեց։ Չգիտեինք, թե որ հիվանդանոցում է, հետ զանգեցինք, պատասխանող չկար։ Ավելի ուշ մի անծանոթ տղա պատասխանեց, որ Մարատին իր մեքենայով տեղափոխել է խաղաղապահների կենտրոնակայանի հոսպիտալ, հեռախոսը մնացել էր իր մոտ։ Այնքան մեղավոր էր զգում կատարվածից ու այնպես էր ճչում։ Գիտեր, որ մաման տանջվում ա, գիտեր, որ ինձ պատեպատ եմ տալիս, զանգել է բուժքրոջ հեռախոսով, վստահեցնում էր, որ լավ է, որ այրվածքներ է ստացել, բայց լավ կլինի»,- հիշում է մայրը։ 

Սեպտեմբերի 26-ին այրվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների հետ Մարատը ևս ուղղաթիռով տեղափոխվեց Հայաստան։ Բուժում էր ստանում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

«Քրոջս աղջիկը այդ հիվանդանոցում էր աշխատում։ Առաջարկել է, որ նկարի ուղարկի ինձ, չի թողել, ասել է՝ «չեմ ուզում՝ մաման ինձ էս վիճակում տեսնի, սիրտը չի դիմանա»։ Զանգում էր հիվանդանոցից, բոլորի հետ խոսում, այնպես կարոտած ու վերջում միշտ ասում էր՝ «հեռախոսը տվեք մամային»։ Մահանալուց առաջ զանգեց, երևի ամբողջ ուժերը հավաքել է, որ կարողանա իմ հանդեպ ունեցած իր սերն արտահայտել․ «մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ Այդ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է։ Նա երբեք չէր ասել, որ սիրում է, որովհետև ծնողի հանդեպ սերը բառերով չէր չափում, այլ հարգանքով, վերաբերմունքով։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, սիրտը կանգ առավ»,- արտասվում է Իննան։ 

Մարատը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ նաև մորաքրոջ որդին՝ Գարիկը։ 

Մարատը մնաց իր պարզության մեջ․ հավերժ զինվոր՝ հավերժ 18 տարեկան։

Հունան Թադևոսյան