Հայաստան, Արցախ, ներքաղաքական ինտրիգներ. Մամուլը՝ սուրճով

MediaHub-ը ներկայացնում է իր ընթերցողին այսօրվա մամուլի ծաղկաքաղը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է, կտրված է կապը Արցախի եւ արտաքին աշխարհի հետ: Այս օրերին հնչել են տարբեր հայտարարություններ եւ կոչեր՝ ճանապարհը բացելու շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե այս օրերին ինչով է զբաղված եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը նշել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար զանազան քայլեր են իրականացվում Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի կողմից։
«Ադրբեջանական ագրեսիայի եւ սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։ Վեհափառ Հայրապետի կողմից համապատասխան հրահանգներ են եղել աշխարհասփյուռ թեմերին, թեմակալ առաջնորդներին տեղերում պետական, դիվանագիտական, քաղաքական, հասարակական շրջանակներում իրականացնել իրազեկման ակցիաներ՝ բարձրաձայնելով Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին եւ, ըստ ամենայնի, աջակցելու Արցախին»,- նշել է նա։
Տ. Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ՝ ընթացքի մեջ են նոր նախաձեռնություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին է խոսում: Ինչպես նախորդ գործընթացը, որ 2022-ի հուլիսին էր սկիզբ առել, այս անգամ եւս անհասկանալի է՝ ինչ շարունակություն կունենա:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրների շուրջ ծավալվող գործընթացի մասով իշխանության ներսում, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, ու ոչ բոլորն են, որ ողջունելու են մանդատազրկության թեման օրակարգ բերելը:
Օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ՔՊ-ականներ նպատակահարմար չեն գտնում Արցախի շրջափակման այս օրերին քննարկման առարկա քաղաքական ինտրիգներ պարունակող հարցերը դարձնել, այդ թվում նաեւ՝ մանդատազրկության թեման:
Հարցի պարզաբանման համար «ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին դիմեց: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ու այդ առնչությամբ ՍԴ դիմելու գործընթացն օրենքի շրջանակներում է արվում:
«Հրապարակ» թերթը գրում է․
Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։
Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված:
Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի։ Թերեւս սրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաեւ, որ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային։
«Հրապարակ» թերթը գրում է․
Ալեն Սիմոնյանն արարողակարգի վարչության պետ է նշանակել Ալեքսանդր Մխիթարյանին, որն ԱԺ է գործուղվել ԱԳՆ-ից։ Նա նշանակվել է 3 ամսով․Մխիթարյանն էլ պակաս աղմկոտ անցյալ չունի։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանի ցուցմունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով: Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է, իսկ Գագիկ Պողոսյանն էլ հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Հենց առաջին հարցով քննիչը հետաքրքրվել է, թե երբվանից է Պողոսյանն աշխատում այդ պաշտոնում եւ Արուսյակ Ալեքսանյանի հետ ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում: Ի պատասխան՝ դատավորը նշել է. «1996թ.-ից աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ.-ի օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է»:
Ապա քննիչը հետաքրքրվել է, թե միջնորդությունները դատարան ինչ կարգով են մակագրվում: «Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով»:
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձեւավորվել Արցախում, եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն եւ խորհրդարան ձեւավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով: Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին եւ կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձեւավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաեւ Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, եւ հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում:
Սկզբում Արցախի ղեկավարները մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել եւ իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, եւ այլ անձինք` Արցախի նախկին նախագահները, ՀՀ եւ ամենակարեւորը` Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին:
Ամենավճռորոշը, ըստ մեր աղբյուրի, եղել է ՌԴ-ից եկած ազդակը` Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ եւ անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել:
Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ոչ մի տարաձայնություն Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ չկա: Եվ վերջինս մեծ էնտուզիազմով ու հավատով է աշխատում` հույս փայփայելով, որ իր աշխատանքն արդյունք կտա:
«Հրապարակ» թերթը գրում է․
Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը։
Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, եւ փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձեւ ընդունվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի՝ հունվարի 16-ին մեկնարկած նստաշրջանի օրակարգն արդեն սպառվել է: Խորհրդարանականները շատ արագ քննարկեցին օրակարգում ընդգրկված 25 հարցերն էլ, այսօր, սակայն, պատգամավորներն ամեն դեպքում կհավաքվեն, քանի որ կառավարության անդամների հետ հարցուպատասխան պետք է տեղի ունենա, որն ավանդաբար լինում է հերթական նիստերի ժամանակ՝ չորեքշաբթի օրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները չեն մասնակցի այսօրվա հարցուպատասխանին, որին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից:
Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը
նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ պատգամավորը փոխեց իր կարծիքը, չի՞ վստահում իր նախկին գործընկերներին:
Վերջինս, սակայն, խուսափեց հստակ պատասխանել մեր հարցերին:
-Եկեք չմեկնաբանեմ, քանի որ տեղյակ չեմ՝ ի՞նչ կարծիք են հայտնել նախագծի վերաբերյալ: Դա լրիվ ուրիշ նախագիծ է եղել, սա լրիվ այլ օրենք է, տարիներ են անցել, այն ժամանակ այլ նախագծի մասին են կարծիք հայտնել, այս նախագիծը չի եղել, որի վերաբերյալ կարծիք ենք հայտնել, տարբեր նախագծերի մասին եք խոսում: