Այո՛, Ռուսաստանը Հայաստանի համար այն դաշնակիցը չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի․ հայացք Ռուսաստանից

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները լարված են պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ՔՊ պատգամավորները խոսում են նրանից, որ հնարավոր է ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ռուս սահմանապահները դուրս բերվեն «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս ամենի ֆոնին ուշագրավ են հայտարարությունները, թե Հայաստանը հնարավոր է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ուղարկի, չնայած դրան հակադարձում են՝ եթե Վրաստանն այսքան տարիների ընթացքում գլոբալ առաջընթաց չի արձանագրել, ինչի՞ն են ՀՀ իշխանությունները ուզում հասնել։
Մինչ այդ ունենք «здесь и сейчас» լարված հարաբերություններ երկու դաշնակից երկրների միջև: Հասկանալու համար, թե ի՞նչ կարելի է սպասել ՌԴ իշխանությունից ի պատասխան այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում և անում է, թե՞ իրականում սա միայն խոսքեր են ու իրականում ոչ մի քայլ չի արվի, MediaHub-ը զրուցեց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության Խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովի հետ։
«Իմ կարծիքով՝ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշելու նրա լիովին գիտակցված և նպատակաուղղված ռազմավարությունը։ Եվ նա հետևողականորեն քանդում է Ռուսաստանի հետ գոյություն ունեցող հարաբերությունները, առաջին հերթին՝ քաղաքականության ու անվտանգության ոլորտում, բայց դեռ չի քանդել հարաբերությունները տնտեսական դաշտում»,- ասաց Սուսլովը։
Ըստ մեր զրուցակցի՝ և՛ Ղարաբաղի կորուստը, և՛ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը հենց Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման արդյունքն է։ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարություններից հետո, հիշեցրեց Սուսլովը, տարածվեց հայտարարություն, որ պաշտոնական Երևանը առաջ է քաշել ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրսբերման անհրաժեշտությունը, և հաջորդիվ որոշ քայլեր կհետևեն՝ ՀԱՊԿ-ը լքելու, ՀՀ-ից ռուսական ռազմաբազաները դուրս բերելու, սահմանապահներին հեռացնելու և այլնի մասով։ Բայց, նշեց մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ Փաշինյանը փորձում է հետևողականորեն և աստիճանաբար իրականացնել այս կուրսը.
«Ե՛վ Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, և՛ Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը ուղղակի արդյունքն էին այն քաղաքականության, որը Նիկոլ Փաշինյանը վարել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Սակայն հետագա հետևանքները կարող են լինել ավելի սարսափելի»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ հայ ժողովուրդը որոշակի (նաև արդարացված) «նեղվածություն» ունի, մասնավորապես, ռուս խաղապահների մասով, հատկապես սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված, դրա հետ մեկտեղ 44-օրյա պատերազմից հետո հայ հասարակությունը, կարծես, չի հավատում ռուսական օգնությանը և հենց սրա հիմքի վրա էլ կառուցվում է իշխանությունների գլխավոր թեզը, թե Արևմուտքը մեզ կօգնի, Սուսլովը պատասխանեց, որ համաձայն է՝ իհարկե, կա նեղվածություն ռուս խաղապահներից.
«Երևանի և Մոսկվայի միջև վատ հարաբերությունների համատեքստում Ադրբեջանը, այսպես ասած, ձեռքերի ավելի մեծ ազատություն իրեն ապահովեց։ Բացի այդ, անշուշտ, Ռուսաստանը շահագրգռված չէր կանգնել միայն Հայաստանի կողքին ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի Հայաստանի նկատմամբ խաղա այն դերը, որը Թուրքիան խաղում է Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ես հիանալի հասկանում եմ հայ ժողովրդի վրդովմունքը, որովհետև Ռուսաստանը դիրքավորվում է այսպես, որ Ռուսաստանը Հայաստանի համար այն նույն դաշնակիցը չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի համար։ Սա օբյեկտիվորեն ճիշտ է։ Այո՛, Ռուսաստանը չի ցանկանում դառնալ Ադրբեջանի թշնամին և Թուրքիայի թշնամին։ Դա պայմանավորված է պատմական, տնտեսական և աշխարհաքաղաքական պատճառներով»,- ասաց Սուսլովը։
Իսկ հարցին, թե ինչ արձագանք կլինի Ռուսաստանից, եթե Հայաստանը հայտ ներկայացնի ԵՄ-ին, Սուսլովը նշեց՝ որպեսզի դա տեղի ունենա, նախ անհրաժեշտ է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գա։
«Եվրամիություն մտնելու և անդամակցելու համար անհրաժեշտ է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ երկուսին միաժամանակ մասնակցելը բացարձակապես անհնար է։ Հայաստանն իսկապես ստիպված կլինի ընտրություն կատարել։ Դա կնշանակի առևտրատնտեսական համագործակցության զգալի կրճատում, հայկական ապրանքների համար ռուսական շուկայի փակում, Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կտրուկ խստացում և նրանց վիճակի վատթարացում, նրանք կզրկվեն բոլոր այն իրավունքներից ու արտոնություններից, որոնցից օգտվում են որպես Եվրասիական տնտեսական միության երկրի քաղաքացի։ Այսինքն՝ նույնիսկ մուտքը ռուսական տարածք էապես դժվար կլինի, միգուցե Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցվի։ Միաժամանակ, կրկին պետք է հասկանալ, որ, ինչպես ցույց է տալիս Վրաստանի փորձը, Եվրամիության շուկան փակ է մնալու հայկական ապրանքների համար։ Դուք կարծո՞ւմ եք, որ ԵՄ-ն կբացի իր շուկան ՀՀ-ից գյուղատնտեսական ապրանքների համար. սա ծիծաղելի է։ Այսինքն՝ ՀՀ-ն կկորցնի ռուսական շուկան՝ չբացահայտելով Եվրամիության շուկան, նույնը, ինչպես անվտանգության դեպքում՝ կկորցնի երաշխիքները Ռուսաստանից՝ առանց Արեւմուտքից երաշխիքներ ստանալու»,- եզրափակեց Սուսլովը։
Մարիաննա Արամյան