Սահմանադրությունը փոխելով՝ Երևանը Արցախի պատմության ևս մեկ էջ կփակի

Ադրբեջանի խորհրդարանն օրերս դիմել է Իլհամ Ալիևին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը շտապեցնում խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, ո՞րն է շտապողականության նպատակը, և հնարավո՞ր է, որ միաժամանակ Բաքուն փոփոխություններ կատարի նաև Սահմանադրության մեջ: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։
«Նախքան Արցախի օկուպացիան խորհրդարանում ունեցել են մարդիկ, ովքեր այն ժամանակ Արցախի Հանրապետությունը տարբեր անվանումներով ներկայացվել են որպես այդ տարածաշրջանի ներկայացուցիչ։ Նախագահական ընտրությունների ժամանակ Ալիևը ցուցադրաբար քվեարկեց Ստեփանակերտում, որը քննադատվեց, քանի որ յուրաքանչյուր թեկնածու պետք է մասնակցի իր գրանցված հասցեում»,– ասաց Դավթյանը։
Ըստ ադրբեջանագետի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձեռնտու են Ադրբեջանի իշխանություններին, քանի որ ռեսուրսային ոչ մի խնդիր չունեն պատրաստվելու, իսկ ընդդիմությունը չի կարողանա կոմունիկացիա հաստատել հասարակության հետ՝ իր ծրագիրը հստակ ներկայացնելու համար։
«Այս ընտրությունները, բնականաբար, կանցկացվեն նաև Արցախի օկուպացված տարածքներում, որ ևս մեկ անգամ արձանագրվի Ադրբեջանի հաղթանակը։ Ադրբեջանի Սահմանադրության վերջին փոփոխությունները տեղի են ունեցել 2016թ․–ին, և Սահմանադրությունը 90% հարաբերակցությամբ, միանշանակ, աշխատում է Ալիևի կլանային քաղաքականության, կլանային քաղաքական խմբի շահերի համար և ունի անվտանգության բարձիկներ՝ հնարավոր իշխանափոխության դեպքում թույլ չտալ բացի Ալիևներից կամ Փաշաևներից ունենալ այլ, երրորդ կլանի ներկայացուցիչ»,– նշեց ադրբեջանագետը։
Դավթյանը նշեց, որ թարմացման կարիք Ադրբեջանի Սահմանադրությունն ունի, բայց Ադրբեջանում բոլոր փոփոխությունները բխում են իրենց ներպետական շահերից։
«Սահմանադրության փոփոխության համատեքստում Հայաստանի իշխանությունները կարող են օգտագործել ներքաղաքական հարթակում իրենց մանիպուլիացիաներն առաջ տանելու համար, ու պատահական չէ, որ խոսում են հանրաքվե անցկացնելու մասին։ ԵՄ-ին անդամակցելու մասով փորձում են մանիպուլացնել, ցույց տալով, թե ԵՄ են ձգտում, սակայն, իմ կարծիքով, այնտեղ կլինեն փոփոխված հոդվածներ և նոր հոդվածներ ներդրված, որոնց միջոցով կկարողանան փակել թե՛ Արցախի ինքնորոշման մասին հարցը, թե՛, առհասարակ, ցեղասպանության խնդիրը և բոլոր այն վտանգները, որ ադրբեջանական կողմից նկատելի կլինեն»,– հավելեց մեր զրուցակիցը։
Մարիաննա Արամյան