Բաքուն հասել է պահանջների կատարման անհնարինության եզրագծին, որի այլընտրանքը պատերազմն է

Եվ այսպես, մո՞տ ենք մենք արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկ Նյու Դելիում արված հայտարարության՝ այո՛, մոտ ենք։
Սակայն այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն Աստանայում հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին դեռ բազմաթիվ խոչընդոտներ կան ու շեշտեց այն պահանջները, որոնք Բաքուն դնում է Երևանի առջև՝ խաղաղության հասնելու համար։ Դրանք են՝ Սահմանադրության փոփոխությունները, Հայաստանի ապառազմականացումը ու մեր ռևանշիստական ձգտումները։
Սխալվում են բոլոր նրանք, որոնք կարծում են, որ Ադրբեջանը Հայաստանից ցանկանում է պոկել առավելագույնը, ո՛չ, իրականում նա ցանկանում է ստանալ ամբողջը, Հայաստանն ամբողջությամբ ու այդ ցանկությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանին չեն կանգնեցնի, իսկ Ադրբեջանին կանգնեցնող այս պահին չկա։
Ադրբեջանի ցանկացած պահանջի կատարման դեպքում հաջորդելու է մեկ այլ պահանջ ու այդ պահանջների շղթան ոչ թե հանգեցնելու է խաղաղության, այլ՝ պատերազմի։ Այո՛, հենց պատերազմի, որովհետև անպայման գալու է մի օր ու այդ օրն արդեն մոտեցել է, որ Ադրբեջանն այնպիսի պայման է պարտադրելու, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանալու կատարել։
Ադրբեջանը սկզբից պարտադրեց հանձնել Տավուշի գյուղերը, այնուհետև փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը, ապա, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության նշմարվող նախագծով Հայաստանը չի ունենալու ոչ մի ձգտում ու ամբիցիա, բանակն արդեն տևական ժամանակ է, ինչ չի իրականացնում ոչ մի զորավարժություն ո՛չ այլ երկրների հետ համատեղ, ո՛չ էլ միայնակ, այլ ամբողջ շեշտը դրված է ուտելու վրա, այն միակ գաղափարախոսության, որը կրում է Նիկոլ Փաշինյանը, ապա Հայաստանը գնում է նաև այդ պահանջի բավարարման ճանապարհով։
Ռևանշիզմ ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի ոչ միայն Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, որոնք ձգտում են ազգային արժանապատվության, սակայն, այդ հարցը Ալիևն ու Փաշինյանը լուծում են համատեղ՝ Բաքվում ընթացող կեղծ դատավարությամբ ու Երևանում հարուցվող կեղծ քրեական հոդվածներով։ Փաշինյանը նույն փութաջանությամբ է լծված Հայաստանի պատմության ոչնչացմանը, ինչ Ալիևը, նույնիսկ ավելին, Փաշինյանն արդեն իսկ ուրացավ Հայոց ցեղասպանությունը ու հիշե'ք՝ շատ մոտ ապագայում կստեղծվի ցեղասպանությունն ուսումնասիրող այն պատմաբանների խումբը, որի մասին խոսում է Էրդողանը։
«Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը նույնպես Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց այն օրը, երբ նույնացրեց Արևմտյան Հայաստանի հետ։ Այդ նույնացումը բերեց նրան, որ իրոք Հայաստանի Հանրապետության տարածքը նախկինում Արևմտյան Ադրբեջանն էր, սակայն Փաշինյանի խղճուկ մեսիջների համաձայն՝ Հայաստանը հրաժարվելու է իր պատմական հայրենիքի գաղափարից, դուք էլ հրաժարվեք ձերինից, ու իրականում Փաշինյանը հրաժարվեց, բայց Ալիևը՝ ոչ։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալին, ապա՝ Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է իր համաձայնությունը։
Հիմա թվում է, որ արդեն կատարվել ու կատարվում են Բաքվի բոլոր պահանջները, հետևաբար ոչ մի բան չի կարող խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն դա այդպես կլիներ, եթե իսկապես Ադրբեջանը ցանկանար խաղաղություն։ Բայց խաղաղության այլընտրանքը պատերազմն է, ինչին էլ ձգտում է Ադրբեջանը։
Այժմ արդեն նոր պահանջ է դրվում՝ Բաքվին հանձնել բոլոր այն «ռազմական հանցագործներին», որոնք թաքնվում են Հայաստանի տարածքում։ Բնականաբար, ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում չկան վարձկաններ, հետևաբար ո՞ւմ է Ադրբեջանը համարում «ռազմական հանցագործ»։ Պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին ու ազգային հերոսներին (խոսքը հարկատուների մասին չէ)։
Կցանկանա՞ր Փաշինյանն այդ պահանջը կատարել, միանշանակ՝ այո՛՞: Իսկ կարո՞ղ է հանձնել, միանշանակ՝ ոչ։ Ահա հենց դա էլ այն պահանջն է, որը բերում է կատարման անհնարինությանը ու պատերազմի։ Ադրբեջանը կարող է հայտարարել հակաահաբեկչական գործողություն ճիշտ այնպես, ինչպես արեց Արցախում ու հարձակվել Հայաստանի վրա։ Հաշվի առնելով այս իշխանությունների բարոյազուրկ վիճակը՝ որպես արդյունք նա կունենա ոչ միայն պարզապես «Զանգեզուրի միջանցք», այլ Սյունիքն ամբողջությամբ։
Եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի Ադրբեջանին համոզել հրաժարվել իր այդ պահանջից, որի նախադեպն առ այս պահը չի եղել, ապա անպայման դրան կհաջորդի մեկ այլ պահանջ, որի կատարումն անհնար կլինի։ Հետևաբար, պատերազմից խուսափելու միակ միջոցը, շեշտում եմ, միակ միջոցն այս իշխանությունների հեռացումն է։
Կարեն Կարապետյան