Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է․ Ժիրայր Ազիզյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է․ Ժիրայր Ազիզյան

Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո երեկ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գտնվում են պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև։ Մեջբերեմ՝ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը»: Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։

-Պարոն Ազիզյան, Ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության այս դիրքորոշումը, ինչ մտահոգություններ եք տեսնում։

-Նախ որպեսզի հասկանանք բրյուսելյան հանդիպումներից հետո Արցախի խորհրդարանական ուժերի կողմից արվող հայտարարությունների տրամաբանությունը, պետք է օբյեկտիվորեն գնահատեք տեղի ունեցող գործընթացները։ Ինչպես գիտեք, գոյություն ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման 2 զուգահեռ հարթակ` բրյուսելյան և մոսկովյան, որոնք գտնվում են մրցակցության մեջ, բայց, իհարկե, մոսկովյան հարթակն ավելի ամուր դիրքեր ունի՝ հաշվի առնելով հակամարտության գոտում ռազմական ներկայության կարևորագույն փաստը, ինչն էլ քաղաքական առումով ավելի մեծ հնարավորություններ է ապահովում վերջինիս համար, քանի որ դրա միջոցով Մոսկվան կարող է ի չիք դարձնել Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Միջազգային հանրության դիրքորոշումների մասով, եթե, իհարկե, նկատի ունենք արևմուտքը՝ հանձինս ԵՄ-ի, ապա, ըստ էության, նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, այլ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելը, այսինքն հարաբերությունների կարգավորման գործընթացը զուտ միջոց է նպատակին հասնելու համար, քանի որ չլուծված հակամարտությունը Մոսկվայի համար միշտ էլ ծառայել է որպես ազդեցության գործիք, իսկ գործնականում անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, քանի որ հենց դա է եղել երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական որոշիչ գործոնը և այսօր, հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու անհամաչափ պոտենցիալը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանը որպես էներգետիկ այլընտրանք դիտարկելու փաստը և շատ այլ հանգամանքներ՝ արեմուտքը պարզապես փորձում է կամ հարցը լուծել Ադրբեջանի օգտին, կամ գոնե վերջինիս օգտին լուծելու խոստումներով հասնել իր նպատակին։

-Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ այս ամենը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Ստացվո՞ւմ է, որ միջազգային հանրության ասած նշաձողն ենք քիչ-քիչ իջեցնում, եթե այո, ապա ինչո՞ւ հաշվի չեն առել արցախահայերի կարծիքը։

- Ես արդեն նշեցի, թե ինչ մոտիվներով է արվել Արցախի խորհրդարանական խմբակցությունների կողմից այդ հայտարարությունը, ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի կողմից հանդիպման վերաբերյալ մեկնաբանությանը, ապա այստեղ մենք պետք է արձանագրենք, որ ի տարբերություն նախորդ հանդիպման՝ քննարկվել է նաև արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերը, թե կոնկրետ որ իրավունքների մասին է խոսքը, արդյոք վերոնշյալի համատեքստում դիտարկվում է նաև ինքնորոշման իրավունքը, կամ եթե դիտարկվում է, ապա ինչ տրամաբանությամբ, քանի որ ինքնորոշման տարբեր տեսակներ կան` սրանք հարցեր են, որոնք կամ դեռևս կողմերը չեն հստակեցնում, կամ պարզապես զերծ են մնում քննարկելուց, քանի որ, ըստ էության, այնպիսի հարցեր են, որոնք կարող են հանգեցնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, առանց այդ էլ, վերջինս փորձում է ցանկացած կերպ հիմքեր ստեղծել որպեսզի հայկական կողմը հրաժարվի գործընթացից, դրա վառ ապացույցն այն է, որ այս հանդիպման ավարտից հետո Ադրբեջանը առաջին մակարդակով շարունակում է սուբյեկտիվորեն մեկնաբանել Նախիջևանի հետ հաղորդակցության ապահովման դրույթը` հիմքում դնելով միջանցքային տրամաբանությունը, ինչը նպատակ ունի փակուղի տանելով հարաբերությունների կարգավորման գործընթացը` նվազեցնել քաղաքական կառավարելիության մակարդակն ու հնարավորինս տաք պահել ռազմական էսկալացիայի սպառնալիքը։ Բայց նաև մեզ համար ընդունելի չէ, երբ Շառլ Միշելը զերծ է մնում Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունն օգտագործելուց, ինչը հասկանալի է, որ որպես պահանջ ներկայացվել է Ալիևի կողմից և չի մերժվել, քանի որ նորից եմ կրկնում, ըստ էության, Միշելը զգուշությամբ ու նրբանկատությամբ է խոսում այն հարցերի մասին, որոնք կարող են Ալիևի ապակառուցողական դիրքորոշումների ձևավորման պատճառ դառնալ։ Ասել, թե սա նշաձողի իջեցման պահանջի բավարարման նախասկիզբն է, թե արդեն իսկ այդ պահանջը բավարարված է, կամ ընդհանրապես կապ ունի դրա հետ` դա իհարկե քաղաքացիական դաշտում դիրքավորված տարբեր խաղացողների կողմից մեկնաբանվելու են սուբյեկտիվորեն, իսկ մասնագիտական անկախ շրջանակները փորձելու են հնարավորինս զգույշ լինել հստակ գնահատականներից, ամեն դեպքում, պետք չէ հասկանանք, որ բրյուսելյան հարթակը չունի լեգիտիմ մանդատ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, միակ լեգիտիմ հարթակը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ թե այլ հարթակներում ինչ են քննարկում ու այդ քննարկումները որքանով են մեզ վրա անդրադառնալու` դա մեծապես կախված է, թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի վերջնական կարգավորման վրա։

-Մեկնաբանվում է, որ ակնհայտ է Արևմուտքի և Ադրբեջանի ընդհանուր շահերը։ Ի՞նչ եք կարծում այս քննարկումները որքանով են Մոսկվային հաճելի։

-Մենք երազախաբությամբ զբաղվելու իրավունք չունենք, պետք է պրագմատիկ լինենք ու առաջին հերթին հասկանանք, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք չունենք նավթ, չունենք գազ, չունենք համաշխարհային տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող առաջարկներ, իսկ միջազգային հարաբերությունները կառուցվում են բացառապես շահերի բավարարման տրամաբանությամբ։ Այս առումով, իհարկե, Ադրբեջանն ավելի մեծ նշանակություն ունի ուժային կենտրոնների համար, արևմուտքը այն դիտարկում է, որպես ռուսական էներգետիկ ռեսուրսների այլընտրանք և փորձում է իր կողմը գրավել` սիրաշահելով հակամարտության իր օգտին լուծման հնարավորությամբ, իսկ Ռուսաստանը այդ գիտակցումով իր շահերից ելնելով է շահարկում հակամարտությունը` փորձելով կանխել արևմուտքի նկրտումները։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում զգալիորեն աճում է հարավային Կովկասի հանդեպ հետաքրքրությունների շրջանակն ու Ադրբեջանի միջազգային կշիռը, բայց հասկանալի է, որ Ադրբեջանի հանդեպ արևմուտքի նկրտումները ենթադրելի էին նաև Կրեմլի համար, որն էլ իր հերթին է փորձելու տարբեր մեխանիզմներով իր կողմը գրավել, կամ գոնե նեյտրալացնել Բաքվին և այս առումով պատահական չէր Մոսկվա-Կիև լարված հարաբերությունների ֆոնին Ուկրաինայի հետ հռչակագիր ստորագրած Ադրբեջանի հետ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսելուց օրեր առաջ ռազմավարական դաշնակցության հռչակագրի ստորագրումը։ Երկկողմ հետաքրքրությունների առիթը շատ էֆեկտիվ է խաղարկում Ադրբեջանը, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում` փորձելով հնարավորինս կարճ ժամկետներում մաքսիմալ դիվիդենտներ քաղել, իսկ ահա պարտված ու առավել թույլ դիրքերից հանդես եկող Հայաստանն այս առումով խոցելի է ինչպես Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջով հանդես եկող Բրյուսելի, այնպես էլ՝ անվտանգության ապահովման հիմնական դերակատար, ռազմավարական դաշնակից Մոսկվայի համար։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա իրողություններն ու դրանց արդյունքում նոր աշխարհակարգի ձևավորման անկանխատեսելի սցենարը, միջազգային դերակատարների պոտենցիալ վերադասավորումներն ու Հարավային Կովկասում այդ գործընթացների հնարավոր ազդեցության տարբերակները` հայկական դիվանագիտության ջանքերը պետք է ուղղված լինեն իրավիճակը մանևրելու հնարավոր բոլոր տարբերակներով առանց կոնկրետ ու վերջնական լուծումների ստատուս քվոի երկարաձգելուն։ Կհաջողվի՞ հայկական դիվանագիտությանը հասնելու գոյաբանական առաջնահերթություններից բխող առաջադրված այս խնդրի լուծմանը, թե՞ ստիպված ենք լինելու մնալ երկու ծայրահեղությունների` նոր պատերազմի, ունեցած ռեսուրսներով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ միայնակ կանգնելու և դրանից խուսափելու համար հարկադրաբար զիջումների գնալու երկընտրանքի միջև, կկարողանա՞նք դիվանագիտական ճկունությամբ որսալ արտաքին դերակատարներից եկող ազդակներն ու դրանք իրացնել սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ, թե՞ հույսներս կապելու ենք նախախնամաության ու Աստծո օգնության հետ, օգտագործելու՞ ենք ստատուս քվոն համազգային կոնսոլիդացիա ապահովելու, աշխատանքների կոորդինացման, ռազմաարդյունաբերության զարգացման, ազգային բանակի ստեղծման, դիվանագիտական կորպուսի վերազինման ու արտաքին դիմակայության այլ միջոցների ձևավորման հետևողականությամբ, թե՞ շարունակելու ենք շարժվել 30-ամյա փորձի անկանխատեսելի տրամաբանությամբ։ Բարդ է ասելը։

Լիաննա Թորոսյան