Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ․ «խաղաղության դարաշրջանի» ամեն արշալույս նոր կորուստ է բերում․ Մամիջանյան

Երբ Արցախի անվտանգությունը մենք էինք երաշխավորում, կարելի էր ազատ գնալ Ղազանչեցոց, մեր հայրենակիցներն էլ ազատ շարժվում էին Արցախում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրդառնալով իշխանականների հայտարարությանը, թե Արցախ մեկնելով` ընդդիմությունը վտանգելու է արցախահայությանը։

Մամիջանյանը նշեց, որ իրենք մեկնում են՝ շփվելու արցախցիների և Արցախի գործընկերների հետ։

«ՀՀ իբր իշխող խմբակցության պատգամավորները միացել են նույն բոյկոտին, որն ունեն ադրբեջանցիները և դա ցավալի է։ Նրանք միայնակ են թողել Արցախը, իսկ մենք դա չենք անելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի դահլիճում Արցախի դրոշը դնելուն, ապա Մամիջանյանն ասաց, որ այդ դրոշն այժմ ծածանվում է ՀՀ մեծ ու փոքր քաղաքներում, հիմա էլ ԱԺ դահլիճում կծածանվի։

«Ինձ համար հասկանալի է, որ այդ խունտան պետք է նեղվի Արցախի դրոշը ԱԺ-ում տեսնելուց»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ դրոշը զուտ պայքարի սիմվոլ է։

«Թող իրենք մտածեն՝ այդ ինչ Հայաստան են կառուցել, որ Արցախի դրոշը տեղադրելն էլ է արդեն լուրջ քայլ դիտարկվում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Արցախը վտանգվում է սրանց գոյությամբ, քանի որ խաղաղության դարաշրջանի ամեն արշալույս նոր կորուստ է բերում։