Քիչ թե շատ բարոյական, պետականության զգացում ունեցող անձը չի կարող ներել Հունանյանին․ Բախշյան

Քիչ թե շատ բարոյական, պետականության զգացում ունեցող անձը չի կարող ներել Հունանյանին․ Բախշյան

Հոկտեմբերի 27-ի մարդասպաններից Կարեն Հունանյանը դիմել է արդարադատության նախարարություն՝ իրեն ներում շնորհելու խնդրանքով։ Այդ մասին դեռ շաբաթներ առաջ էր գրել MediaHub-ը։

ԱԺ-ում տեղի ունեցած ոճիրի զոհերից մեկի՝ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին և իրավահաջորդ Անահիտ Բախշյանը հետևում է գործընթացին, որպեսզի վստահ լինի, որ մարդասպանը ազատ չի արձակվի։

«Հարցը արդարադատության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողովն է քննելու, որի կազմին ես ծանոթ չեմ։ Ինձ արդարադատության փոխնախարարն ասաց, որ հանգիստ լինեմ։ Նա ինձ հորդորեց, որ չանհանգստանամ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը։

Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Կարեն Հունանյանն ազատ չի արձակվի, Անահիտ Բաշխյանը պատասխանեց, որ համոզված է՝ ներում չի լինելու։

«Քիչ թե շատ բարոյական, պետականության զգացում ունեցող անձը, որ այդ հանձնաժողովում է լինելու, չի կարող թույլ տալ այդ ներումը շնորհել»,- նշեց նա։

Յուրի Բախշյանի իրավահաջորդը նկատեց՝ իրեն չեն ասում, թե երբ է լինելու այդ հանձնաժողովի նիստը, գործընթացը գաղտնի է պահվում։

«Ու հասկանալի չէ, թե մենք ինչու չենք ծանուցվում՝ որպես տուժողի իրավահաջորդ։ Մենք էլ պիտի ստանայինք ինֆորմացիա, որը չի տրամադրվել։ Զոհվածներից ոչ մեկի ընտանիքը չի ծանուցվել»,- ասաց նա։

Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ պատմությունը շատ խճճված է, իրեն արդարադատության փոխնախարարը փորձել է բացատրել, թե ինչու չեն ծանուցվել զոհերի ընտանիքները Կարեն Հունանյանի դիմումի մասին։

«Ես իրավաբան չեմ, ու փոխնախարարին էլ ասացի, որ որևէ բառ չհասկացա իր ասածից, ոչինչ ընկալելի չէր ինձ համար։ Սակայն նա ինձ հորդորեց ուղղակի չանհանգստանալ»,- ամփոփեց խոսքը Անահիտ Բախշյանը։

 Նարե Գնունի