ՔՊ-ն ընդունակ չէ պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը

ՔՊ-ն ընդունակ չէ պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականների վարած քաղաքականության արդյունքում Արցախի մեծ մասն օկուպացվեց ադրբեջանական զորքերի կողմից, հազարավոր հայ զինվորներ զոհվեցին, տասնյակ հազարավոր արցախցիներ դարձան փախստական: Այսքանից հետո ՔՊ-ն հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու, ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացնելը կանխելու փոխարեն դիմում են ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ «մուրալով» միջամտություն՝ հայկական մշակութային ժառանգությունը փրկելու համար:

Ոչ մի միջազգային կառույց երբեք չի կարող պաշտպանել հայկական սահմանները, եկեղեցիները, հոգևոր, մշակութային ժառանգությունն, եթե ՀՀ գործող իշխանությունները չեն կարողանում դա անել: Հայոց բանակն ու ՀՀ քաղաքացիները կարող են պաշտպանել հայկական հոգևոր ժառանգությունը, սակայն ոչ ՔՊ-ականների օրոք: ՔՊ-ն «խաղաղության դարաշրջան» է կառուցում հայ ազգին տասնամյակներ շարունակ էթնիկ զտումների ենթարկած Ադրբեջանի հետ: 

Ադրբեջանն Արցախի օկուպացված շրջաններում կառուցում է մզկիթներ, քանդում է հայկական խաչքարերը, աղավաղում է Շուշիի եկեղեցին և այն փորձում է ներկայացնել «ալբանական» եկեղեցի:

Բաքվի նպատակն Արցախի հայաթափումն է՝ ինչ է անում ՔՊ-ն դա կանխելու համար՝ ոչինչ: 2018թ.-ից սկսած կազմաքանդվում են հայկական բանակը, ուժային կառույցները, թիրախավորվում են Հայ Առաքելական եկեղեցին և հայկական ավանդական արժեքները:

Ռուբինյանի կոչերն ոչ ոք չի լսելու, եթե ՔՊ-ն չի կարողանում պաշտպանել հայոց պետականությունն ու Արցախը, ապա ՄԱԿ-ը կամ այլ կառույցներ դա չեն անելու, քանի որ ունեն սեփական գեոպոլիտիկ՝ նավթագազային և այլ շահեր Ադրբեջանում:

Վահրամ Բագրատյան