ՔՊ-ականն Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելը ծանր չի տանում, իսկ երեխայի՝ Փաշինյանին «Նեռ» ասելու համար դիմում է ՄԻՊ-ին

ՔՊ-ականն Աբաջյանի կեղծ պապիկին օգտագործելը ծանր չի տանում, իսկ երեխայի՝ Փաշինյանին «Նեռ» ասելու համար դիմում է ՄԻՊ-ին

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նեղվել էր, որ երեկ Բաղրամյան պողոտայում մի մանկահասակ տղա Նիկոլ Փաշինյանին անվանել էր «Նեռ», մենք էլ նրան հարցրել էինք, թե ինչու է Փաշինյանը Նեռ։ Տղան էլ ասաց՝ որովհետև հայրենիք է գողացել։ Տղային, իհարկե, իր ծնողներն էին սովորեցրել դա, բայց նա դա արտասանեց մանկական անկեղծությամբ և առանց պարտադրանքի՝ հոր ուսերին նստած։ Այսինքն՝ հայրը դեմ չէր, որ իր անչափահաս որդին այդպիսի հայտարարություններ անի տեսախցիկների առջև և պատասխանի մեր հարցերին։

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը, սակայն, երեկ այս տեսանյութը տեղադրել էր իր էջում և այսպիսի գրառում կատարել՝ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, որ նա զբաղվի այս «սահմկռկեցւոցիչ» դեպքով․ 

«Մեր քաղաքացիներից ահազանգ ստացա այսօրվա անհնազանդության ակցիաներից մի դրվագի վրա, թե ինչպես են մանկահասակ երեխային՝ 4-5 տարեկան, «օգտագործում» որպես «գործիք»՝ խաղալով նրա փխրուն հուզական, հոգեբանական վիճակի վրա, մանիպուլացնելով նրան։

Նախ սովորեցնում են վանկարկել՝ «նեռին հեռացնել», հետո ստիպում իրենց հարցին ի պատասխան, թե «ի՞նչ պետք է անենք», բղավել՝ բառակապակցությունը։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե նեռը ով է, սովորեցնում ասել, որ «Նիկոլը»։
Ապա լրագրողի հարցին, թե ինչու՞ է նեռ, երեխան միամտաբար ասում է «գողություններ է արել», հավանաբար իմանալով, որ դա վատ բան է։ Ապա հարցնում են, թե ի՞նչ է գողացել, էլի սովորեցնում են ասել՝ «հայրենիք է գողացել»։ Սույն տեսանյութով խնդրում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին ի նպաստ երեխայի լավագույն շահի ուսումնասիրել միջադեպը»
։

Մի կողմ թողնենք տիկին Հակոբյանի՝ տեղ-տեղ կետադրական և քերականական սխալներով գրված տեքստը, դա ամենափոքր և ոչ ճակատագրական սխալն է, որ թույլ են տալիս ՔՊ-ականները վեց տարի շարունակ, և հիշեցնենք նրան, թե ինչպես է իրենց քաղաքական թիմն ու քաղաքական առաջնորդը, որին այդ երեխան երեկ «Նեռ» էր անվանում, իր քաղաքական նպատակների համար օգտագործում թե՛ երեխաներին, թե՛ տարեցներին։ Դրանք, սակայն, ՔՊ-ականներն ու անձամբ Հասմիկ Հակոբյանը չեն նկատում, քանի որ իրենց շահերից չի բխում։ 

Ավելին, եթե երեկվա երեխան իրենց օգտին մի բան ասեր ու ոչ թե Նիկոլ Փաշինյանին անվաներ «Նեռ», այլ որևէ դրական խոսք ասեր նրա հասցեին, բնականաբար տիկին Հակոբյանը դա չէր համարի երեխային «օգտագործել», երեխայի լավագույն շահը ոտնահարված չէր համարի ու չէր դիմի ՄԻՊ-ին, որ պաշտպաներ նրան։ Մի բան էլ այդ տեսանյութը կտարածեր իր էջում հակառակ իմաստով, թե՝ «տեսեք, ինչ լավ են վերաբերվում երեխաները Նիկոլ Փաշինյանին»։

Բայց մենք Հասմիկ Հակոբյանին ուզում ենք հիշեցնել, թե ինչպես է նույն Նիկոլ Փաշինյանը օգտագործում մանկահասակ երեխաներին իր մարզային այցերի և նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես է նրանց դարձնում իր քաղաքական շոուների մի մասը՝ խաղալով երեխաների փխրուն էմոցիաների վրա։ 

Բայց ամենազազրելին ու անբարոյականը 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ Արցախում զոհված ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմ բարձրացնելն էր ու նրան որպես «հերոսի պապ»՝ իրենց քաղաքական դավադիր նպատակների համար օգտագործելն էր։ Այդ ամենի հեղինակն ու պատասխանատուն իրենց թիմակից Էդուարդ Աղաջանյանն էր՝ Դիջէյ Էդոն, որը դրա համար ոչ մեկից ներողություն խնդրեց, ոչ էլ պատասխանատվություն կրեց այդ անբարո արարքի համար։ Միայն ասաց, թե իբր չի իմացել, որ այդ տարեց մարդն Աբաջյանի պապը չէ։ Եփած հավի ծիծաղն էլ կգար, իհարկե, դրա վրա, բայց ՔՊ-ականն ընդամենը այդպիսով փորձեց արդարանալ զոհված հերոսի հիշատակն այդ ձևով անարգելու, անհայտ մեկին որպես նրա կեղծ հարազատ ներկայացնելով՝ քաղաքական դիվիդենտներ կորզելու համար։

Հասմիկ Հակոբյանին խորհուրդ կտանք մի գրառում էլ, թեկուզ ուշացած, այս թեմայով անի՝ քննադատելով իր թիմակից «Դիջեյին», որ այսօր պատգամավոր է, նման անթույլատրելի, եթե չասենք՝ հենց անբարո արարքի համար։

Վահե Մակարյան