«Եկեղեցին գեներալների գործառույթն էլ է պատվով առաջնորդում». արդյո՞ք Մայր Աթոռը պետք է քննադատի Փաշինյանին

«Եկեղեցին գեներալների գործառույթն էլ է պատվով առաջնորդում». արդյո՞ք Մայր Աթոռը պետք է քննադատի Փաշինյանին

Գաղտնի չէ, որ Մայր Աթոռի և ՀՀ իշխանությունների հարաբերությունները, մեղմ ասած, լարված են։ Ավելի ճիշտ՝ դրանք գոյություն չունեն: Իսկ վերջին օրերին հավելյալ լարվածություն առաջացավ Մայր Աթոռի եպիսկոպոսների հայտարարությունից հետո, որում նրանք դատապարտում էին իշխանությանը Տավուշում գյուղեր հանձնելու և դիրքերն ավելի վտանգավոր դարձնելու համար։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները եկեղեցուն մեղադրեցին քաղաքականությամբ զբաղվելու, Ոսկեպարում «շոու պատարագներ» կազմակերպելու համար:   

Երեկ ԱԺ-ում էլ ՔՊ-ականների կողմից բարձրացվեց Մայր Աթոռի կողմից իբրև կեղծ լուրեր տարածելու թեման։ Մասնավորապես, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, թե Մայր Աթոռը խախտել է Աստծո պատվիրաններից առնվազն մեկը և ստել է։ «Արձագանքել էի դրան և նշել, որ ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, ինչը հարիր չի, ու ես ինձ՝ որպես հավատացյալ, շատ վատ եմ զգում դրանից։ Ու մենք բոլորս՝ որպես հավատացյալ, պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որը ստիպում է հավատացյալներին երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց»,- մասնավորապես ասել էր Ալեքսանյանը։      

Իր հերթին, եկեղեցու ներկայացուցիչները ևս չեն լռում։ Այդպես, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը գրել է․ «Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ կոչ էին ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»։

Ի՞նչ է մտածում հասարակությունը, արդյո՞ք ճիշտ են մեղադրանքները, թե եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ, արդյո՞ք արդարացված են համարում եկեղեցու՝ Փաշինյանին քննադատող հայտարարությունները․ MediaHub-ը անցկացրեց հերթական հարցումը։

«Արդյո՞ք արդարացված եք համարում եկեղեցու՝ Փաշինյանին քննադատող հայտարարությունները» հարցին հարցվածների 33%-ն ընտրել է «Այո» պատասխանը, իսկ «Ոչ» պատասխանն ընտրել է հարցվածների 48%-ը:

«Եկեղեցին ճիշտ է անում, դավաճանին պետք է քննադատել» տարբերակն ընտրել են հարցվածների 11%-ը, իսկ 8%-ը՝ «Եկեղեցին չպիտի մտնի քաղաքական դաշտ» տարբերակը։

Հարվածները ինչպես միշտ թողել են նաև մեկնաբանություններ: Ահա դրանցից մի քանիսը՝

«Եկեղեցին ճիշտ կանի համայն հայությանը համախմբվելու, մեկ բռունցք դառնալու կոչեր հնչեցնի»,- գրել է մեկը։

«Եկեղեցին կույր է և չի տեսնում Փաշինյանի նվիրյալ հավատքն ու սերը Աստծո նկատմամբ»,- կարծում է մյուսը։

«Մեր Ազգի Եկեղեցին և Պետությունը մեր համար բարձրագույն արժեք են»:

«Եկեղեցին գեներալների գործառույթն էլ է պատվով առաջնորդում: Հիացած եմ մեր հոգևորականներով: Սովորեք իրենցից»:

«Լինել եկեղեցու կողքին նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, քո ապրելու իրավունքը, քո արժանատավությանը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին»:

«Եկեղեցին ո՞վ է, որ զբաղվի քաղաքականությամբ, եկեղեցին ճիշտ կլինի զբաղվի իր խնդիրներով, ամբողջ Հայաստանը աղանդավորներով է լցված»,- գրել է ընթերցողներից մեկը:

«Այս խոսքերը հենց այստեղ է պետք ասել՝ «մի՛ դատիր որ չդատվես», մենք ո՞վ ենք, որ որոշենք ճի՞շտ է, թե՞ ոչ, Տերը թող որոշի, սա իմ կարծիքն է»։

«Վեհափառի խոսքը ծանրակշիռ ա։ Կառավարությունը մեր եկեղեցիները ճանաչեց ադրբեջանական ու հանձնեց Ալիեվին»:

Մարիաննա Արամյան