ՊՊԾ պետի կողմից MediaHub.am-ի աշխատանքը խոչընդոտելու դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում

ՊՊԾ պետի կողմից MediaHub.am-ի աշխատանքը խոչընդոտելու դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub.am»-ի լրատվականի լրագրող Նարե Գևորգյանի և օպերատոր Արման Ղարաջյանի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա նշեց, որ նյութերն այսօր՝ մայիսի 5-ին են տրամադրվել քննչական կոմիտեին։ Հիշեցնենք, որ մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՊՊԾ պետը խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը զուգորդվել է բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելը։ Այդ ամենի մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։